▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա, կարծես, նույնիսկ Հ1-ի Հայաստանում ոչ ոք չի ուզում ապրել․․․

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է․

Սերժական ժամանակներում Հայաստանում թևավոր խոսք էր դարձել․ «Ուզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում»։ Ասվում էր հեգնանքով, երբ հեռուստաէկրանին ամեն ինչ այնքան գեղեցիկ ու բարեկեցիկ էր ներկայացվում, որ թվում էր՝ խոսքը բոլորովին այլ երկրի մասին է։ Մի երկրի, որտեղ իշխանությունը միշտ ճիշտ էր, խնդիրները բացակայում էին, ոչ մի բողոքող անձ չկար։

Բայց հիմա, կարծես, նույնիսկ Հ1-ի Հայաստանում ոչ ոք չի ուզում ապրել։ Հասանք հայհոյանքի ու բռնության ցուցադրմանը, որը, իմ կարծիքով, ունի հատուկ նպատակ, ցուցադրել, թե ինչ վատն ենք մենք, ինչ այլանդակ է հասարակությունը ու ձեր գլխին ինչ անենք՝ հասնում է։

Եվ հանրության նվաստացման այս ակտն արվում է հանրային միջոցներով՝ մեր հարկերց։ Դե մենք արդեն վաղուց սովորել ենք, որ հանրայինն ուզուրպացվում է իշխաերի կողմից, մոռացվում, թե ինչ նպատակով ենք մենք ֆինանսավորում այն։

Այո, հիշեցնեմ, որ հանրայինը պետք է հանրության ձայնը դարձնի լսելի, բարձրաձայնի իրական խնդիրները, հարցեր ուղղի իշխանությանը, ներկայացնի ոչ թե իշխանության համար հարմար Հայաստանը, այլ այն երկիրը, որտեղ մարդիկ իրականում ապրում են։ Բայց տարիներ շարունակ ավելի ու ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ Հանրայինը հանրության անունով գործող, բայց իշխանության հասակ խմբի քաղաքական ու տեղեկատվական շահերը սպասարկող կառույց է։

Եվ ավելին, այժմ հանրային եթերում բռնությունն ու նվաստացումն էլ են դառնում հեռուստատեսային բովանդակություն։ Իհարկե, հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինելու, թե ինչ է տեղի ունենում քաղաքական բանավեճերի ընթացքում, բայց տեղեկացնելը և բռնությունը որպես դիտարժան տեսարան հեռարձակելը նույնը չեն։ Անաչառությունը չի նշանակում անտարբերություն, բազմակարծությունը՝ ամենաթողություն։

Հատկանշական է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձագանքը, քանի որ մտահոգություն հայտնելը բավարար չէ։ Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ արդյո՞ք ուսումնասիրվելու է իրավախախտման հարցը, կտրվի իրավական գնահատական, օրենքով նախատեսված վերահսկողական և պատասխանատվության մեխանիզմներն, ի վերջո, կգործաևկվեն։ Իրականում, օրենքը սահմանափակում է Հանրային հեռարձակողի նկատմամբ վարչական տույժերի կիրառումը, վերահսկողության և հաշվետվողականության այլ մեխանիզմներ ևս կան։ ՀՌՀ-ն պարտավոր է ոչ միայն մտահոգություն հայտնել, այլև ցույց տալ, թե ինչ է պատրաստվում անել։

ՄԻ ժամանակ, երբ Հայաստանում ակտիվիզմը դեռ կենդանի էր, մենք ցույցեր էինք անում, կոչով՝ Հանրայինը՝ հանրությանը։

Հանրայինը պետք է վերադարձնել հանրությանը։ Այն իշխանության սեփականությունը չէ, ոչ էլ քաղաքական գործիչների ինքնադրսևորման անսահմանափակ տարածք։ Այն հանրային վստահության ինստիտուտ է, որը ոչ մի իշխանության ժամանակաշրջանում չի վերականգնվում։

Փաստացի, խնդիրն այլևս միայն հեռուստատեսությունը չէ, այլ մեր հանրային արժեքների և դրանց պաշտպանության համար պատասխանատու ինստիտուտների ձախողումը։

Քաղաքական ավելին