Սեպտեմբերի 15-ին Երևանում 20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Նրա տեղեկություններով՝ ժամը 13։00-ի սահմաններում կինը Արմավիրի մարզից տաքսիով ուղևորվել է Երևան։ Կնոջ հաղորդմամբ՝ Մաշտոցի պողոտա հասնելու ճանապարհին վարորդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել։ Այնուհետև վարորդը կանգնեցրել է ավտոմեքենան Ֆրանսիայի հրապարակում, և կինը դուրս է եկել մեքենայից։
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հ․-ն է։ Նա ձերբակալվել է։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։


