▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը Ծովագյուղում

Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։

«Հետքը» գրում է, որ  փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։

Ծովագյուղում անցկացված հանրային լսումների հիման վրա Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը 2025թ.-ի սեպտեմբերի 17-ին «Սանի Լենդ» ընկերության նախաձեռնությանը համաձայնություն է տվել։ Ստորագրել է որոշում՝ Սևան-Դիլիջան մայրուղու 7-8 կմ (1/1 հողամաս) հասցեում «Սանի Լենդ» ընկերության կողմից հանքային փոշու, գիպսի, ցեմենտի արտադրություն նախաձեռնելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ։

Ըստ հաշվետվության՝ ընկերությունը նախատեսում է իրեն պատկանող արտադրական հողամասում տեղադրել 19.0 մ x 11.5 մ չափսերով գնդային աղաց և «չոր» տեխնոլոգիայով (արտադրական կեղտաջրեր չպետք է առաջանան) իրականացնել հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրություն՝ օրական մինչև 90 տոննա արտադրողականությամբ։

Բնապահպանական ռիսկերը

Արտադրատարածքը «Ծովագյուղ» ֆուդ-կորտի և սուպերմարկետի հարևանությամբ է՝ Ծովագյուղի ամենամոտ բնակելի տնից 505 մետր հեռավորության վրա։ Սևանա լճից՝ 1560 մետր, «Սևան» ազգային պարկից հեռավորությունը 600 մետր է։ Տարածքի հյուսիսարևելյան սահմանով հոսում է Ձկնագետը։ Նույնիսկ «չոր» տեխնոլոգիայի դեպքում ցեմենտի արտադրությունն ուղեկցվում է սիլիկատային փոշու, ազոտի և ծծմբի օքսիդների արտանետմամբ։ Սևանի ափամերձ և ջրահավաք գոտիներում ցանկացած տնտեսական գործունեություն կարգավորվում է հատուկ, խիստ ռեժիմով, քանի որ լճի էկոհամակարգը համարվում է խիստ զգայուն։

Չգործող անասնաֆերման և կասկածելի ասֆալտի գործարանը

«Հետքն» այցելեց Ծովագյուղի մոտ գտնվող ընկերության 7,378 քմ տարածք, որտեղ «Սանի Լենդը» պլանավորում է ցեմենտի արտադրություն հիմնել։

Այնտեղ կա մի շինություն, որի մասին «Հետքը» գրել է դեռևս 2024թ.-ին։ Այս շինությունը ընկերության սեփականատեր Արման Մելոյանը ներկայացրել էր որպես խելացի անասնաֆերմա։ 2021թ.-ին «Սանի Լենդ» ՍՊԸ-ի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է կառուցեր 3-րդ մոդելի խելացի անասնաշենք (451 և ավելի քմ, նախատեսված  40-45 գլուխ կենդանու համար), որի արժեքը 35 մլն դրամ էր։ Դրանից 17.5 մլն դրամը փոխհատուցում էր պետությունը։

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ մոնիտորինգի արդյունքներով «Սանի Լենդ» ՍՊԸ-ն անասնաֆերման նպատակային չի օգտագործել։ Նախարարությունն այժմ դատական հայց է պատրաստում՝ ընկերությանը տրված 17.5 միլիոն դրամ պետական աջակցությունը հետ գանձելու պահանջով։

«Սանի Լենդ» ընկերության տարածք մեր այցի ժամանակ տեսանք նաև, որ ծրագրվող ցեմենտի արտադրության հարևանությամբ արդեն իսկ գործում է ասֆալտի գործարան («Kobesh Machine AS-160»), որի մասին ոչ մի խոսք չկար ՇՄԱԳ նախնական հաշվետվությունում։ Շրջակա միջավայրի նախարարին ուղղված մեր հարցումից պարզ դարձավ, որ ընկերությունն ասֆալտի գործարանի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

info@asekose.am/095519696
Հասարակություն more