«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ընդերքի վերահսկողության ոլորտում վերջին զարգացումները ծանր հարց են առաջացնում․ ինչո՞վ է զբաղված այն պետական համակարգը, որի անմիջական պարտականությունն է վերահսկել ընդերքօգտագործումը, եթե ապօրինի հանքարդյունահանման դեպքերը մեկը մյուսի հետևից բացահայտում են իրավապահները։
Վերջին օրերին սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է։ Մեկը Սյունիքի մարզի Մեղրիում էր. առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությամբ կալանավորվեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, իսկ վարույթի շրջանակում խափանման միջոցներ են կիրառվել նաև այլ 6 անձանց նկատմամբ։
Երկրորդ դեպքը Գեղարքունիքի մարզի Լճաշենում է։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունն է տեղեկություններ ստացել և բացահայտել, որ ընկերություններից մեկը Լճաշեն գյուղում տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած տարածքում արդյունահանում է իրականացրել։ Երեք անձ ձերբակալվել է։ Ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ որտե՞ղ էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հայաստանում գործում է ոչ միայն ընդերքը վերահսկող պետական մարմին, այլև դրա կազմում՝ հատուկ Ընդերքի վերահսկողության վարչություն։ Այս համակարգը պահվում է պետական բյուջեից հենց նրա համար, որ ընդերքի ապօրինի շահագործումը ոչ թե տարիներ կամ ամիսներ անց ոստիկանները բացահայտեն, այլ մասնագիտացված տեսուչները կանխեն կամ ժամանակին արձանագրեն։
Առավել ուշագրավ է, որ Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը ընդամենը ամիսներ առաջ ոչ թե պատասխանատվության, այլ մրցանակի է արժանացել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2026 թվականի մարտի 17-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում հենց Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը (2025 թվականին Հովհաննես Մարտիրոսյանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է 18 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 1.5 մլն դրամ) Արայիկ Հարությունյանի (2025 թվականին վարչապետի աշխատակազմից ստացել է 31.5 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 2.6 մլն դրամ) առաջարկով նոմինացվել են «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում։
Հիմա հարցը շատ պարզ է. ո՞րն է այդ նորարարության արդյունքը։ Ի՞նչ տեխնոլոգիական լուծումներով է վերահսկվում Հայաստանի ընդերքը, եթե Լճաշենում տևական ժամանակ առանց հատուկ թույլտվության արդյունահանում է իրականացվել, սակայն այն հայտնաբերել են քրեական ոստիկանները։ Ինչի՞ համար է պետությունը մրցանակ տալիս ոլորտը վերահսկող պաշտոնյային, եթե նրա ղեկավարած ոլորտում տեղի ունեցող ենթադրյալ հանցագործությունները բացահայտում են ուրիշները։
Սրանք արդեն ոչ թե քաղաքական ինտրիգի, այլ պետական վերահսկողության արդյունավետության հարցեր են։ Ի վերջո, այդ պաշտոնյաները բավականին բարձր վարձատրվում են պետության կողմից։ Սա արդեն ՔՊ-ի համակարգային ձախողման հարց է։
Մեղրին և Լճաշենը երկու տարբեր մարզերում գտնվող երկու առանձին դեպքեր են, և դրանց վերաբերյալ քրեական վարույթները դեռ պետք է պարզեն յուրաքանչյուր անձի մեղավորության հարցը։
Երբ կարճ ժամանակում տարբեր մարզերում նման դեպքեր են ի հայտ գալիս, արդեն օրինաչափ հարց է առաջ գալիս․ ուրեմն գործ ունենք ընդերքի պետական վերահսկողության համակարգային ձախողման հետ։ Քանի որ պետական վերահսկողությունը շնորհանդես չէ, մրցանակ չէ, պաշտոն չէ։
Դրա արդյունավետությունը չափվում է շատ պարզ արդյունքով՝ պետության ընդերքը ապօրինի շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում շահագործվում է։ Հետևաբար, Մեղրիի և Լճաշենի դեպքերից հետո պատասխան պետք է տան նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։
Իսկ եթե քննությամբ պարզվի, որ վերահսկող մարմնի որևէ պաշտոնատար անձ իմացել է ապօրինի գործունեության մասին և չի գործել, կամ առկա են պաշտոնեական հանցագործության այլ հատկանիշներ, ապա այդ հանգամանքները ևս պետք է ստանան իրավապահների գնահատականը»։


