▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) կոչ է անում ՀՀ կառավարությանը դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հետապնդումները։ Այս մասին նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է զեկույց՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։

CSI-ը ուսումնասիրել է այս զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։ Զեկույցի հեղինակությունը, մեթոդաբանությունը և դրա հիմքում ընկած շարժառիթները լրջորեն կասկածի տակ են դնում դրա եզրահանգումները։ Զեկույցը նաև հակասում է Եկեղեցու ինքնավարության վաղուց հաստատված սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրավունքով։

Հակառակ զեկույցում ներկայացված պնդմանը՝ Եկեղեցական ճգնաժամը հենց Կառավարության գործողությունների հետևանքն է։ Զեկույցը հրապարակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) դեմ շարունակական, պետականորեն հովանավորվող արշավի շրջանակում։ ՀԱՍԵ-ն ավելի քան 1700 տարի գոյություն ունեցող Եկեղեցի է, որը երկար ժամանակ հանդես է եկել հայ ժողովրդի պաշտպանության դիրքերից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է պաշտոնանկ անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Եկեղեցին ենթարկել պետական վերահսկողության․ այդ նպատակին նա հետամուտ է ավելի քան մեկ տարի։ Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը ներառված էր նրա կուսակցության նախընտրական ծրագրում և այժմ ամրագրված է նաև Կառավարության ծրագրում։ Զեկույցի հրապարակմանը նախորդել են բարձրաստիճան հոգևորականների քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալությունները, Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված անհիմն քրեական մեղադրանքները, ինչպես նաև Եկեղեցում պառակտումներ հրահրելուն ուղղված՝ կառավարության աջակցությամբ իրականացվող փորձերը։ Այս և այլ միջոցառումները խախտում են ՀԱՍԵ-ի ինքնավարությունը և հարցականի տակ են դնում Հայաստանի կառավարության հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին։

Զեկույցը անկախ քննության կամ որևէ անաչառ կամ դատական գործընթացի արդյունք չէ։ Այն կազմվել է վարչապետի ուղղակի հանձնարարությամբ՝ նրա աշխատակազմի մամուլի ծառայության կողմից։ Կառավարության մամուլի ծառայությունը չունի աստվածաբանության կամ կանոնական իրավունքի ոլորտում համապատասխան իրավասություն, սակայն զեկույցի հեղինակները ընտրողաբար մեջբերում են եկեղեցական կանոնները և իրենց իրավունք են վերապահում կարծիք հայտնելու եկեղեցական հարցերի վերաբերյալ։ Մեղադրանքներից որոշներն այնքան ծանր են, որ դրանք պետք է քննության առնվեն համապատասխան դատական կամ եկեղեցական իրավասու ատյանի կողմից, այլ ոչ թե ներկայացվեն Կառավարության կողմից քաղաքական փաստաթղթի տեսքով՝ խտրական արշավի շրջանակում։ Ավելին, նման մեղադրանքները հրապարակելով այն ժամանակ, երբ հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, գտնվում են դատական գործընթացների մեջ, Կառավարությունը լրջորեն վնասում է նրանց արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածը։

Զեկույցում նշվում է, որ այն հիմնված է «բաց աղբյուրների» վրա։ Գործնականում դա նշանակում է լրատվական կայքեր, YouTube-ի տեսանյութեր և Facebook-ի գրառումներ, այդ թվում՝ հենց վարչապետի հրապարակումները։ Այն գրեթե չի ներկայացնում առաջնային ապացույցներ, իսկ բազմաթիվ պնդումներ չհիմնավորված խոսակցություններ, ակնարկներ կամ չստուգված տեղեկություններ են։ Դրանցից շատերը հնչեցվել են Եկեղեցու կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված հոգևորականների կողմից, իսկ մի քանիսը՝ Կաթողիկոսի վաղեմի հակառակորդների կողմից։ Այն դեպքերում, երբ Կաթողիկոսը որևէ մեղադրանքի չի պատասխանել, նրա լռությունը ներկայացվում է որպես մեղադրանքի ապացույց։ Այն, ինչ զեկույցը անվանում է իր «ապացուցողական հիմք», թույլ է։ Այն կազմվել է այն դատավճիռը հիմնավորելու համար, որը, ըստ ամենայնի, կայացվել էր դեռևս զեկույցի կազմավորումից առաջ, և նման նյութը չէր դիմանա որևէ դատարանի կամ իրավասու ատյանի քննությանը։

Զեկույցը Կաթողիկոսին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Այն չի ընդունում այն հանգամանքը, որ Կաթողիկոսը գործել է Եկեղեցու բացառիկ առաքելությանը համապատասխան՝ Հայաստանի Սահմանադրությամբ ճանաչված հայ ժողովրդի հոգևոր կյանքի և նրա ազգային ինքնության պահպանման շրջանակում։ Զեկույցում չի ներկայացվում նաև այն համատեքստը, որի պայմաններում Եկեղեցին հանդես է եկել իր դիրքորոշումներով՝ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Կառավարության գործողությունների և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում։ Այս ամսին լրանում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման երրորդ տարելիցը։ Տեղահանված ժողովրդի պաշտպանությամբ հանդես գալը անօրինական քաղաքական գործունեություն չէ։ Այն համապատասխանում է հենց այն դերակատարությանը, որը Սահմանադրությունը նախատեսում է Եկեղեցու համար։

Հայաստանի օրենսդրությունը նույնպես հստակ սահմանում է, որ, թեև ՀԱՍԵ-ն ազգային եկեղեցի է, այն ինքնավար և ինքնակառավարվող կառույց է։ Պետությունը որևէ դեր չունի Կաթողիկոսին հեռացնելու կամ փոխարինելու գործընթացում․ այդ գործընթացը ամբողջությամբ կարգավորվում է Եկեղեցու սեփական կանոնական իրավունքով։ Կառավարությունը նույնպես չպետք է տարածի նման զեկույցներ՝ իր խտրական արշավին աջակցելու նպատակով։

CSI-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու ծրագրից և հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը։ CSI-ն նաև կոչ է անում Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ներառյալ Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը և Եվրոպայի խորհրդին, հիշեցնել վարչապետ Փաշինյանին Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին և ճնշում գործադրել նրա կառավարության վրա՝ դադարեցնելու Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը»։

Հասարակություն more