▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

«Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության շահառու հանդիսացող երեխաներն ուսումնական տարին սկսեցին լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության իրականացմանը։ Նախաձեռնության նպատակն է ճանաչել, արժևորել և տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման ոլորտում։

COP17-ի շրջանակում «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունն իրականացվում է  «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ 

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց նախաձեռնության կարևորությունն ու հեռանկարային բնույթը։

«Բնապահպանությունն ու կայուն զարգացումը «Մի դրամի ուժի» առանցքային ուղղություններից են, ուստի այս ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է մեր որդեգրած արժեքները։ Ուրախ ենք աջակցել մի նախաձեռնության, որն ընդգծում է կանանց անփոխարինելի ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման ոլորտում։ Իդրամն ու IDBank-ը շարունակում են աջակցել այն ծրագրերին, որոնք ոչ միայն վեր են հանում կարևորագույն խնդիրները, այլև ուղղված են գործնական լուծումներ գտնելուն և կայուն ապագա ապահովելուն»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Նունե Սաքանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևոր հարթակ է կանանց աշխատանքը տեսանելի դարձնելու և նրանց դերն ընդգծելու համար։

«Ուրախ ենք, որ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկման գլխավոր գործընկերը «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն է։ Այս աջակցությունն առանցքային է նախաձեռնության իրականացման, կանանց առաջնորդության արժևորման և բնապահպանական արդյունավետ լուծումների խթանման գործում։ Շնորհակալ ենք այս արժեքավոր համագործակցության և հավասար հնարավորությունների գաղափարը կարևորելու համար»,- նշեց Նունե Սաքանյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հասարակություն more