▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի քաղաքականությունը՝ կինոլոգիական (շնագիտական) տերմիններո՞վ

Մշակույթի քաղաքականությունը՝ կինոլոգիական (շնագիտական) տերմիններով

Տեսանյութն՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում

Մշակույթի պետական քաղաքականության մասին խոսելիս սովորաբար գործածվում են բավական ձանձրալի բառեր՝ ռազմավարություն, արժեքներ, ժառանգություն, ինստիտուտներ, մասնագիտական համայնք, պատասխանատվություն։ Բայց, ինչպես պարզվում է, այս բառապաշարը հնացել է։ Նոր ժամանակները պահանջում են նոր տերմինաբանություն։
Եվ ահա մշակույթի բարձրաստիճան պաշտոնյան մեզ առաջարկու՞մ է մշակութային քաղաքականության միանգամայն նոր՝ կինոլոգիական, այսինքն՝ շնագիտական մոդել։
Սկզբում լինում են «քութիկներ»։ Դու նրանց պահում ես, մեծացնում, ըստ ամենայնի՝ նաև կերակրում։ Հետո քութիկները մեծանում են և, ապերախտաբար, անկախանում։ Ապա նրանք ինչ-որ տեղ «ոսկոր» են գտնում։ Հետո՝ «տեր»։ Բայց այստեղ էլ պատմությունը չի ավարտվում, որովհետև պարզվում է՝ այդ տերերն էլ իրենց տերերն ունեն։
Այսպիսով՝ մեր առջև արդեն ոչ թե մշակույթի ոլորտն է, այլ մի ամբողջ բարդ էկոհամակա՞րգ՝ քութիկներով, ոսկորներով, տերերով և տերերի տերերով։
Մնում է հասկանալ, թե այս պատկերավոր կենդանաբանական հիերարխիայում ովքե՞ր են արվեստագետները, գիտնականները, թանգարանների ու գրադարանների աշխատողները, մշակութային հաստատությունները։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է այստեղ մարդը։
Թերևս սա է խնդիրը։ Երբ պետական պաշտոնյան մարդկանց մասին սկսում է խոսել որպես իր երբեմնի «քութիկների», որոնք հետո ուրիշ տեղ «ոսկոր» են գտել, ակամա չի բացահայտու՞մ ոչ այնքան նրանց, որքան պետական կառավարման մասին սեփական պատկերացումը։ Այդ պատկերացման մեջ կա՞ն պահողներ և պահվողներ, կերակրողներ և կերակրվողներ, տերեր և տերերի տերեր։
Միայն մշակու՞յթը չկա։
Իսկ գուցե մշակույթի քաղաքականության հաջորդ ռազմավարական փաստաթուղթն արդեն պետք է կազմել համապատասխան մասնագետների՞ մասնակցությամբ։
Ասենք՝ կինոլոգների…

Շոու-բիզնես more