▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում

Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել։

Ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։

Տեսչական մարմինը, կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Միաժամանակ, վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում ևս։

Հորդորում ենք քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու պարագայում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի 118 հեռախոսահամարով։

Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ն։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է խանութի աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, ՍԱՏՄ-ն ձեռնարկել է անհապաղ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

Հասարակություն more