▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները մեր տուն եկել են ահաբեկման նպատակով... աղջկաս սպառնացել են...Փոստանջյան

Ոստիկանները մեր տուն եկել են ահաբեկման նպատակով... աղջկաս սպառնացել են...Փոստանջյան

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել առերևույթ հանցագրոծության մասին.

«Սույն հաղորդումը ներկայացնում եմ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին իմ բնակարանում, որտեղ բնակվում է նաև իմ դուստրը՝ Գրետա Դրամփյանը, տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև դրանց նախորդած և դրանց հետ հնարավոր փոխկապակցված մի շարք հանգամանքների կապակցությամբ։

Ներկայացված փաստերը, իմ գնահատմամբ, չեն կարող դիտարկվել որպես սովորական կամ մեկուսացված դատավարական գործողություն։

Պահանջում եմ դրանք քննության առնել ամբողջական համատեքստում՝ պարզելու համար, թե արդյոք առկա են պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման կամ սահմանազանցման, ապօրինի հարկադրանքի, անձի ազատության նկատմամբ ապօրինի միջամտության, մասնավոր և ընտանեկան կյանքի ու բնակարանի անձեռնմխելիության խախտման, ինչպես նաև պետական և քրեադատավարական մեխանիզմները քաղաքական ընդդիմախոսի և փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով օգտագործելու հնարավոր հատկանիշներ։

Պահանջում եմ քննության առարկա դարձնել նաև այն վարկածը, որ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ կատարվող գործողությունների նպատակը կամ դրանց կանխատեսելի հետևանքը ինձ շարունակաբար վախեցնելը, ահաբեկելը, իմ արտահայտվելու ազատության նկատմամբ զսպող՝ chilling effect ստեղծելը, ինչպես նաև իմ անկախ փաստաբանական գործունեությանը միջամտելն է։

I. 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԴԵՊՔԸ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին իմ բնակարան, որտեղ բնակվում է նաև իմ դուստրը՝ Գրետա Դրամփյանը, ներկայացել են երկու տղամարդ, որոնք ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ։

Դեպքի պահին բնակարանում գտնվել են Գրետա Դրամփյանը և րմ անչափահաս մեկ այլ դուստրը։

Սկզբում նշված անձինք հայտնել են, որ փնտրում են ոմն Տաթևիկի, որը, ըստ իրենց, կարող է բնակվել տվյալ հասցեում կամ հարևանությամբ, և որ ցանկանում են վերջինիս վերաբերյալ արձանագրություն կազմել։

Այդ պատճառաբանությամբ նրանք պահանջել են, որպեսզի Գրետա Դրամփյանը բացի բնակարանի դուռը։

Գրետա Դրամփյանը հայտնել է, որ տվյալ բնակարանում Տաթևիկ անունով որևէ անձ չի բնակվում և հրաժարվել է բացել դուռը։

Նա նաև հայտնել է, որ եթե տվյալ անձինք իսկապես ոստիկանության աշխատակիցներ են, ապա ոստիկանությունը պետք է կարողանա ճշտել, թե ովքեր են բնակվում տվյալ հասցեում։

Դրանից հետո նրանք փոխել են իրենց ներկայացրած պատճառաբանությունը և հայտարարել, որ իրականում փնտրում են հենց Գրետա Դրամփյանին։

Նրանք հայտնել են, որ քննիչն իրենց հանձնարարել է գալ Գրետա Դրամփյանի հետևից և նրան տանել ՀՀ քննչական կոմիտե, քանի որ վերջինս, իրենց պնդմամբ, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ։

Գրետա Դրամփյանը պահանջել է հայտնել՝

• ո՞վ է համապատասխան քննիչը,

• ո՞ր քրեական վարույթի շրջանակներում է իրեն վերագրվում վկայի կարգավիճակ,

• ո՞րն է վարույթի համարը,

• ի՞նչ վարութային գործողության նպատակով է իրեն կանչում քննիչը,

• ինչո՞ւ իրեն նախապես օրենքով սահմանված կարգով որևէ ծանուցագիր չի ուղարկվել,

• և արդյո՞ք տվյալ անձանց մոտ առկա է իրեն հասցեագրված ծանուցագիր, հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշում կամ որևէ այլ դատավարական փաստաթուղթ։

Նշված անձինք հայտնել են, որ իրենց մոտ որևէ ծանուցագիր կամ այլ համապատասխան փաստաթուղթ չկա, և որ Գրետան պետք է անձամբ զանգահարի քննիչին և իր հարցերը պարզի նրա հետ։

Այսինքն՝ պետական մարմնի անունից ներկայացած անձինք, չունենալով ներկայացնելու որևէ դատավարական փաստաթուղթ, պահանջել են, որ քաղաքացին ինքնուրույն կապ հաստատի իրեն անհայտ քննիչի հետ՝ պարզելու համար, թե ինչ վարույթի շրջանակներում, ինչ կարգավիճակով և ինչ իրավական հիմքով են ոստիկանության աշխատակիցներն ուղարկվել իր բնակարան։

II. ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Այդ ընթացքում երկու տղամարդ շարունակել են գտնվել բնակարանի դռան մոտ և պահանջել, որ Գրետա Դրամփյանը բացի դուռը։

Ավելին, նրանք սպառնացել են, որ Գրետային ձեռնաշղթաներ կանցկացնեն և կձերբակալեն։

Նման սպառնալիքները հնչել են այն պայմաններում, երբ Գրետա Դրամփյանին չեն ներկայացրել՝

• ձերբակալման որևէ իրավական հիմք,

• ձերբակալման վերաբերյալ որևէ դատավարական փաստաթուղթ,

• հարկադրաբար ներկայացնելու որևէ որոշում,

• ծանուցագիր,

• կամ որևէ այլ իրավական ակտ։

Ստեղծվել է իրավական առումով անհասկանալի իրավիճակ, երբ Գրետա Դրամփյանին մի կողմից հայտնել են, որ նա ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ։

Պահանջում եմ պարզել՝ ինչ կոնկրետ իրավական հիմքով են ոստիկանության աշխատակիցները Գրետա Դրամփյանին սպառնացել ձերբակալել և նրա նկատմամբ հատուկ միջոց՝ ձեռնաշղթաներ կիրառել։

Եթե նման իրավական հիմք գոյություն չի ունեցել, ապա անհրաժեշտ է իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք պետական հարկադրանքի միջոցների կիրառման սպառնալիքը չի օգտագործվել որպես հոգեբանական հարկադրանքի միջոց՝ նրան բնակարանի դուռը բացել և ոստիկանության պահանջներին ենթարկվել ստիպելու նպատակով։

III. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՇՔԱԽՈՒՄԲԸ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑԸ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին՝ մոտավորապես ժամը 17:30-ի սահմաններում, մեր տան բակում գտնվել է ոչ միայն բնակարանի դռան մոտ ներկայացած երկու ոստիկան, այլև ոստիկանական ծառայողների կազմակերպված խումբ՝ ոստիկանական շքախումբ։

Ավելին, մեր տան բակ է բերվել մեքենա/համապատասխան տեխնիկական միջոց՝ պատուհանի միջոցով բնակարան մուտք գործելու նպատակով։

Այս հանգամանքը էապես փոխում է տեղի ունեցածի բնույթը։

Խոսքը, հետևաբար, չի վերաբերել պարզապես երկու ոստիկանների կողմից քաղաքացուն որևէ տեղեկություն փոխանցելու կամ նրան ծանուցելու փորձին։

Փաստացի նախապատրաստվել և իրականացվել է կազմակերպված ոստիկանական գործողություն, որի շրջանակներում բակ են բերվել լրացուցիչ ոստիկաններ և այնպիսի միջոց, որը նախատեսվել է բնակարան պատուհանի միջոցով մուտք գործելու համար։

Միաժամանակ Գրետա Դրամփյանին պետք է հարկադրաբար ներկայացնեին/բերման ենթարկեին և ժամը 19:00-ին տանեին քննիչի մոտ։

Այսինքն՝ դեռևս մոտավորապես ժամը 17:30-ին մեր տան բակում տեղակայվել էր ոստիկանական խումբ, մինչդեռ նախատեսվում էր Գրետա Դրամփյանին ժամը 19:00-ին ներկայացնել քննիչին։

Պահանջում եմ պարզել այս գործողության ամբողջ նախապատրաստման և իրականացման ժամանակագրությունը։

Մասնավորապես՝

• ե՞րբ է որոշվել Գրետա Դրամփյանին ժամը 19:00-ին ներկայացնել քննիչին,

• ո՞վ է նման որոշում ընդունել,

• գոյություն ունեցե՞լ է արդյոք նրան հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ գրավոր և պատճառաբանված դատավարական ակտ,

• ե՞րբ է այն կազմվել,

• ո՞վ է ստորագրել,

• ինչո՞ւ այն Գրետա Դրամփյանին չի ներկայացվել,

• ինչո՞ւ էր անհրաժեշտ ոստիկանության մի ամբողջ խմբի ներկայությունը մեր բնակելի տան բակում,

• ինչո՞ւ է բերվել պատուհանից բնակարան մուտք գործելու համար նախատեսված մեքենա կամ տեխնիկական միջոց,

• և արդյո՞ք ոստիկանության ծառայողներին նախապես տրված է եղել բնակարան հարկադրաբար մուտք գործելու հանձնարարություն։

Եթե ոստիկանության աշխատակիցներն ունեցել են բնակարան մուտք գործելու նպատակ, անհրաժեշտ է պարզել նաև՝ ինչ դատական կամ այլ իրավական ակտի հիման վրա է նախատեսվել նման միջամտություն բնակարանի անձեռնմխելիությանը։

Այս հանգամանքն առավել կարևոր է այն պատճառով, որ բնակարանում գտնվել են նաև անչափահաս անձ։

IV. «ՏԱԹԵՎԻԿԻ» ԱՆՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵԼ ՏԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՐՎԱԿ

Առանձնապես կարևոր է պարզել, թե ինչու են ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք սկզբում հայտնել, որ փնտրում են ոմն Տաթևիկի։

Նրանք միայն Գրետա Դրամփյանի կողմից դուռը բացելուց հրաժարվելուց հետո են հայտնել, որ իրականում եկել են հենց նրա հետևից։

Եթե ոստիկանության աշխատակիցներն ի սկզբանե եկել էին Գրետա Դրամփյանին հարկադրաբար ներկայացնելու և ժամը 19:00-ին քննիչի մոտ տանելու նպատակով, ապա մեկ այլ անձի՝ «Տաթևիկի» անունը նշելը և այդ պատճառաբանությամբ բնակարանի դուռը բացել պահանջելը կարող է վկայել իրենց իրական նպատակը թաքցնելու և մոլորեցման միջոցով բնակարանի դուռը բացել տալու փորձի մասին։

Առավել ևս, եթե նույն ժամանակ մեր տան բակում արդեն տեղակայված էր ոստիկանական խումբ և բերվել էր պատուհանից բնակարան մուտք գործելու համար նախատեսված միջոց, ապա «Տաթևիկի» վերաբերյալ սկզբնական բացատրությունը պահանջում է առանձնապես մանրակրկիտ ստուգում։

Պահանջում եմ պարզել՝

1. արդյոք իրականում գոյություն ունեցել է Տաթևիկ անունով որևէ անձ, որի վերաբերյալ տվյալ ոստիկաններն ունեցել են ծառայողական հանձնարարություն,

2. արդյոք որևէ փաստաթուղթ կամ արձանագրություն պետք է կազմվեր այդ անձի վերաբերյալ,

3. եթե այո՝ ինչու են այդ գործողությունը փորձել կատարել հենց իմ բնակարանում,

4. եթե ոչ՝ ով է ոստիկաններին հանձնարարել կամ առաջարկել օգտագործել «Տաթևիկ» անունը,

5. արդյոք այդ անունն օգտագործվել է բացառապես բնակարանի դուռը բացել տալու և հետագայում բնակարան մուտք գործելու նպատակով։

V. ԳՐԵՏԱ ԴՐԱՄՓՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՔՐՈՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԱԽԸ

Նկարագրված հանգամանքների ամբողջությունը Գրետա Դրամփյանի մոտ առաջացրել է իրական և հիմնավոր վախ իր և իր անչափահաս քրոջ անվտանգության համար։

Նրա նկատմամբ ստեղծվել է մի իրավիճակ, երբ՝

• երկու տղամարդ ներկայացել են որպես ոստիկաններ,

• սկզբում հայտնել են այլ անձի անուն,

• պահանջել են բացել բնակարանի դուռը,

• հետո հայտարարել են, որ իրականում եկել են հենց նրա հետևից,

• որևէ ծանուցագիր կամ որոշում չեն ներկայացրել,

• պահանջել են, որ ինքը զանգահարի իրեն անհայտ քննիչին,

• սպառնացել են ձեռնաշղթաներ կիրառել,

• սպառնացել են ձերբակալել,

• իսկ շենքի բակում այդ ընթացքում գտնվել է ոստիկանների ավելի մեծ խումբ և պատուհանից բնակարան մուտք գործելու համար նախատեսված միջոց։

Այս պայմաններում Գրետա Դրամփյանը չէր կարող վստահ լինել՝ ինչ գործողություններ են պատրաստվում իրականացնել իր նկատմամբ և ինչ կարող է տեղի ունենալ, եթե ինքը բացի բնակարանի դուռը։

VI. ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք իրավունք կամ պարտականություն ունեն մասնակցելու վարութային գործողության կամ դատական նիստի։

Նույն հոդվածը սահմանում է ծանուցման եղանակները, իսկ «այլ եղանակով» ծանուցումը հնարավոր է ծանուցվող անձի համաձայնությամբ։

Գրետա Դրամփյանը ոստիկանության միջոցով նման ձևով իրեն ծանուցելու որևէ համաձայնություն չի տվել։

Ավելին, ոստիկանության աշխատակիցներն անգամ չեն ունեցել կամ չեն ներկայացրել իրենց հետ որևէ ծանուցագիր։

Ուստի անհրաժեշտ է պարզել՝

• կազմվե՞լ է արդյոք Գրետա Դրամփյանի անունով պատշաճ ծանուցագիր,

• ե՞րբ,

• ո՞ւմ կողմից,

• ի՞նչ բովանդակությամբ,

• ինչ եղանակով է այն ուղարկվել,

• կա՞ն արդյոք դրա հանձնման կամ առաքման ապացույցներ,

• և եթե Գրետան նախկինում պատշաճ կերպով չի ծանուցվել, ապա ինչ իրավական հիմքով է անմիջապես ընտրվել ոստիկանության միջոցով նրան հարկադրաբար ներկայացնելու միջոցը։

VII. ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄԸ

Տեղի ունեցածը անմիջականորեն առնչվում է նաև անձի մասնավոր և ընտանեկան կյանքի և բնակարանի անձեռնմխելիության հիմնարար իրավունքներին։

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորվում է յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, իսկ 32-րդ հոդվածով՝ բնակարանի անձեռնմխելիությունը։

Նույն իրավունքները պաշտպանվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։

Տվյալ դեպքում խոսքը պարզապես այն մասին չէ, որ պետական մարմնի ներկայացուցիչները մոտեցել են բնակարանի դռանը։

Ըստ վերոգրյալի՝

• նրանք փորձել են մոլորեցման միջոցով հասնել դուռը բացելուն,

• պահանջել են, որ բնակարանի ներսում գտնվող անձը բացի դուռը,

• սպառնացել են պետական հարկադրանքի միջոցներով,

• բակում եղել է լրացուցիչ ոստիկանական ուժ,

• և բերվել է պատուհանի միջոցով բնակարան մուտք գործելու համար նախատեսված միջոց։

Հետևաբար անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ոչ միայն նրան, թե արդյոք ոստիկաններն իրականում հասցրել են ֆիզիկապես մուտք գործել բնակարան, այլ նաև այն հարցին, թե արդյոք պետական մարմնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկվել են ապօրինի կամ անհամաչափ գործողություններ բնակարանի անձեռնմխելիությունը հաղթահարելու նպատակով։

VIII. ԴԵՊՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՏԱՐԿՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ

Ես՝ Զարուհի Փոստանջյանս, հանդիսանում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսը և տարիներ շարունակ հրապարակայնորեն քննադատել եմ նրա և գործող իշխանության գործունեությունը։

Միաժամանակ ես փաստաբան եմ և իրականացնում եմ նաև քաղաքական իշխանության ընդդիմախոսների պաշտպանությունը։

Այդ պատճառով իմ ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունների հնարավոր շարժառիթները չեն կարող քննության առնվել՝ ամբողջությամբ անտեսելով իմ քաղաքական և մասնագիտական գործունեությունը։

Պահանջում եմ, որ քաղաքական շարժառիթի առկայությունը դիտարկվի որպես քննության ենթակա իրական վարկած, և որ քննությունը փորձի հաստատել կամ հերքել այն օբյեկտիվ ապացույցներով։

IX. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2026 թվականի մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթով անձամբ անդրադարձել է ինձ՝ օգտագործելով մի շարք վիրավորական բնորոշումներ և, նույն խոսքի շրջանակում, անդրադառնալով իմ փաստաբանական գործունեությանը, ասել է՝ «գնա Վարդանիկին պաշտպանի»՝ նկատի ունենալով իմ վստահորդ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս խոսքը հրապարակվել է նույն օրը լրատվամիջոցներում։

Այսպիսով, նույն հրապարակային ելույթի շրջանակում իմ քաղաքական գործունեությունը և իմ՝ որպես փաստաբանի կողմից Վարդան Ղուկասյանի պաշտպանությունն իրականացնելու հանգամանքը ներկայացվել են միասին։

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 22-ի հայտարարությամբ նույնպես արձանագրել է, որ խնդրո առարկա ելույթը, թեև հիմնականում վերաբերում էր իմ քաղաքական և հասարակական գործունեությանը, առանց տարանջատման անդրադարձել է նաև իմ փաստաբանական գործունեությանը, և ընդգծել է փաստաբանական գործունեության անկախության երաշխիքները։

Այս հանգամանքն էական նշանակություն ունի ներկայիս հաղորդման համատեքստում, քանի որ պետական ամենաբարձր գործադիր պաշտոնը զբաղեցնող անձի հրապարակային խոսքում իմ քաղաքական գործունեությունը և կոնկրետ վստահորդի պաշտպանությունն իրականացնելու իմ մասնագիտական գործունեությունը փոխկապակցվել են։

X. 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ նույն օրը՝ 2026 թվականի մայիսի 18-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել իմ ամուսնու՝ Սուրեն Դրամփյանի վերաբերյալ։

Մարիամ Գալստյանը ներկայում պաշտոնապես հանդիսանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող անձ։

Այս հաղորդման ներկայացման փաստը, դրա բովանդակությունը և հատկապես ներկայացման ճշգրիտ ժամը պահանջում եմ ստուգել և հաստատել համապատասխան պաշտոնական փաստաթղթերով։

Անհրաժեշտ է պարզել՝

• հաղորդումը կազմվել և ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունից առաջ, թե հետո,

• ինչ փաստական հիմքերով է այն ներկայացվել,

• ինչ նյութեր են կցվել,

• ինչ իրավական ընթացք է սկզբում տրվել,

• և ինչ պաշտոնատար անձինք են հետագայում որոշումներ ընդունել տվյալ նյութերի շրջանակներում։

Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ սկզբնական փուլում համապատասխան նյութով հանցագործության հատկանիշներ չեն հաստատվել կամ այն չի ստացել այն ընթացքը, որն ավելի ուշ ստացել է։

Հետևաբար պահանջում եմ պարզել՝ եթե սկզբնական գնահատմամբ բավարար հիմքեր չեն հայտնաբերվել, ապա ով, երբ և ինչ իրավական կամ փաստական նոր հանգամանքի հիմքով է նախաձեռնել հետագա գործողությունները։

XI. ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսպիսով, քննության առարկա պետք է դարձվի հետևյալ ժամանակագրական հաջորդականությունը՝

2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթում անձամբ թիրախավորում է ինձ և նույն ելույթում անդրադառնում իմ կողմից Վարդան Ղուկասյանի պաշտպանությունն իրականացնելուն։

Նույն օրը, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Մարիամ Գալստյանի կողմից հաղորդում է ներկայացվում իմ ամուսնու՝ Սուրեն Դրամփյանի վերաբերյալ։

Հետագայում այդ նյութերի շրջանակում գործողությունները շարունակվում են։

Այնուհետև վարույթում ներգրավվում է իմ դուստրը՝ Գրետա Դրամփյանը։

Ի վերջո, 2026 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանական ուժեր են ուղարկվում մեր բնակարան, սպառնում են Գրետային ձերբակալել և ձեռնաշղթաներ կիրառել, տան բակում տեղակայվում է ոստիկանական շքախումբ և բերվում է պատուհանի միջոցով բնակարան մուտք գործելու համար նախատեսված միջոց՝ նրան ժամը 19:00-ին քննիչի մոտ հարկադրաբար ներկայացնելու նպատակով։

Այս ամբողջ շղթան պահանջում է միասնական և ոչ թե մասնատված գնահատական։

XII. 2021 ԹՎԱԿԱՆԻ՝ ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒ ՄԵՔԵՆԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Իմ և ընտանիքիս մոտ առկա վախը չի առաջացել միայն 2026 թվականի սեպտեմբերի 22-ի իրադարձություններից։

2021 թվականին իմ ամուսնու՝ Սուրեն Դրամփյանի ավտոմեքենայի նկատմամբ կատարվել է ծանր հարձակում՝ մեքենան հրկիզվել/պայթեցվել է։

Մինչ օրս, սակայն, այդ հանցագործությունը պատվիրած կամ դրա կատարման հրահանգը տված անձը չի բացահայտվել։

Այս նախապատմության պայմաններում մեր տան բակում ոստիկանական ուժերի կենտրոնացումը, բնակարան հնարավոր հարկադրական մուտքի նախապատրաստումը և իմ դստեր նկատմամբ ձերբակալության սպառնալիքները օբյեկտիվորեն ուժեղացնում են իմ և ընտանիքիս անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։

Պահանջում եմ, որ իրավասու մարմինները գնահատեն նաև այդ նախորդ իրադարձության և ներկայիս գործողությունների միջև հնարավոր կապի առկայությունը՝ առանց որևէ վարկած նախապես բացառելու։

XIII. ԻՆՁ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՀԱԲԵԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Իմ գնահատմամբ՝ վերոնշյալ իրադարձությունների հաջորդականությունը հիմք է տալիս ստուգելու, թե արդյոք պետական մեխանիզմների օգտագործմամբ չի իրականացվում իմ նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշում և ահաբեկում։

Այս գնահատականը ներկայացնում եմ որպես քննության ենթակա վարկած և ոչ որպես արդեն ապացուցված փաստ։

Քաղաքական ընդդիմախոսի վրա ճնշում գործադրելու միջոց կարող է լինել ոչ միայն անմիջապես նրա նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այլ նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ պետական հարկադրանքի մեխանիզմներ կիրառելը կամ դրանց կիրառմամբ սպառնալը։

Այս դեպքում գործողությունները հաջորդաբար վերաբերում են իմ ամուսնուն և իմ դստերը և հասել են մեր մասնավոր բնակարան։

Այդպիսի գործողությունները կարող են անձի մոտ ստեղծել զգացում, որ իր քաղաքական խոսքի կամ մասնագիտական գործունեության շարունակությունը հետևանքներ կարող է առաջացնել ոչ միայն անձամբ իր, այլև իր ընտանիքի անդամների համար։

Ուստի պահանջում եմ պարզել ոչ միայն գործողությունները ֆիզիկապես իրականացրած ոստիկանների վարքագիծը, այլ նաև հանձնարարությունների ամբողջ շղթան և այն անձանց ինքնությունը, որոնցից ծագել է տվյալ գործողությունների նախաձեռնությունը։

XIV. ԻՄ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԶՍՊՈՂ՝ «CHILLING EFFECT»-Ը

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, այդ թվում՝ առանց պետական մարմինների միջամտության տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

Նույն իրավունքը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

Իմ կարծիքով, ընտանիքիս անդամների նկատմամբ վերը նկարագրված գործողությունները կարող են ունենալ իմ քաղաքական խոսքի նկատմամբ զսպող ազդեցություն՝ chilling effect։

Եթե քաղաքական ընդդիմախոսը տեսնում է, որ իր հրապարակային քննադատությանը հաջորդում են ոչ միայն իր, այլ նաև ամուսնու և դստեր նկատմամբ պետական մարմինների գործողություններ, այդ իրավիճակը կարող է նպատակ ունենալ կամ առնվազն ունենալ կանխատեսելի հետևանք՝ ստիպել նրան՝

• նվազեցնել իշխանությունների նկատմամբ հրապարակային քննադատությունը,

• հրաժարվել որոշ հայտարարություններից,

• ինքնագրաքննություն կիրառել,

• կամ լռել՝ ընտանիքի անդամների անվտանգության նկատմամբ վախից ելնելով։

Պահանջում եմ, որ քննության ընթացքում այս հնարավոր նպատակը և հետևանքը նույնպես ստուգվեն։

XV. ԻՄ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ ՃՆՇՈՒՄԸ

Ես ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսն եմ, այլ նաև փաստաբան եմ և իրականացնում եմ, ի թիվս այլոց, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունը։

Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի մայիսի 18-ի հայտարարությունն ուղղակիորեն անդրադարձել է այդ պաշտպանությանը։

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ իրավաբանական օգնությունն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը։

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ևս 2026 թվականի մայիսի 22-ի հայտարարությամբ հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում իմ քաղաքական գործունեությունից չի տարանջատվել իմ փաստաբանական աշխատանքը։

Ուստի անհրաժեշտ է քննության առարկա դարձնել նաև այն հարցը, թե արդյոք ընտանիքիս անդամների նկատմամբ գործողությունները որևէ կերպ կապված չեն Վարդան Ղուկասյանի պաշտպանությունն իրականացնելու իմ մասնագիտական գործունեության հետ։

Պետք է պարզվի՝ արդյոք դրանց հնարավոր նպատակներից մեկը չի եղել՝

• իմ փաստաբանական գործունեության վրա ճնշում գործադրելը,

• ինձ որոշակի պաշտպանությունից հրաժարվելուն դրդելը,

• պաշտպանությունն իրականացնելու իմ ազատությունը սահմանափակելը,

• իմ և վստահորդիս միջև հարաբերությունների վրա ներգործելը,

• կամ փաստաբանական հանրության համար զսպող ազդակ ստեղծելը։

XVI. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԻ ՎԱՐԿԱԾԸ ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՌՆԱ

Պահանջում եմ, որ իրավասու մարմինները օբյեկտիվ ապացույցների միջոցով ստուգեն քաղաքական շարժառիթների վարկածը։

Մասնավորապես, պետք է պարզվի՝ արդյոք իրավապահ և այլ պետական մարմինների լիազորությունները չեն օգտագործվել օրենքով սահմանված նպատակներից տարբերվող նպատակով՝

• քաղաքական ընդդիմախոսին վախեցնելու,

• նրա ընտանիքի անդամների միջոցով նրա վրա ճնշում գործադրելու,

• նրա խոսքի ազատությունը սահմանափակելու,

• նրան ինքնագրաքննության դրդելու,

• փաստաբանական անկախ գործունեությանը միջամտելու,

• կամ քաղաքական ընդդիմախոս հանդիսացող վստահորդի արդյունավետ պաշտպանությանը խոչընդոտելու համար։

XVII. ՀՆԱՐԱՎՈՐ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԸ

Սույն հաղորդմամբ չեմ սահմանափակում նախաքննության մարմնի և դատախազության կողմից կատարվելիք վերջնական քրեաիրավական որակումը։

Այնուամենայնիվ, պահանջում եմ ստուգել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հնարավոր հատկանիշների առկայությունը, ինչպես նաև քննությամբ հաստատված փաստերից բխող այլ հնարավոր հանցակազմերը։

Առանձին քրեաիրավական գնահատման պետք է արժանանան՝

• իրավական հիմքի բացակայության դեպքում ձերբակալման սպառնալիքը,

• ձեռնաշղթաների կիրառման սպառնալիքը,

• բնակարանի դուռը հնարավոր մոլորեցման միջոցով բացել տալու փորձը,

• պատուհանի միջոցով բնակարան մուտք գործելու հնարավոր նախապատրաստումը,

• և Գրետա Դրամփյանին հարկադրաբար ներկայացնելու իրավական հիմքերը։

XVIII. ՊԱՀԱՆՋՆԵՐ

Վերոգրյալի հիման վրա ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ՝

1. Սույն հաղորդումը սահմանված կարգով գրանցել որպես առերևույթ հանցագործությունների մասին հաղորդում և ինձ տրամադրել դրա գրանցման համարը։

2. Իրականացնել լրիվ, բազմակողմանի, արդյունավետ և օբյեկտիվ քննություն։

3. Անհապաղ պարզել 2026 թվականի սեպտեմբերի 22-ին իմ բնակարանի հասցե ներկայացած երկու անձանց ինքնությունը։

4. Պարզել նրանց պաշտոնները, կոչումները, ստորաբաժանումները և ծառայողական կարգավիճակը։

5. Պարզել տվյալ օրը մեր տան բակում գտնված ոստիկանության բոլոր ծառայողների ինքնությունը։

6. Պարզել ոստիկանության ինչ ստորաբաժանումներից են նրանք եղել։

7. Պարզել՝ ով է որոշել այդ քանակի ոստիկանական ուժ ուղարկել մեր բնակության հասցե։

8. Ձեռք բերել ոստիկանների՝ տվյալ օրվա ծառայողական առաջադրանքները, հերթապահության թերթիկները և բոլոր համապատասխան գրանցումները։

9. Պարզել՝ ով, երբ և ինչ եղանակով է հանձնարարել ոստիկաններին ներկայանալ մեր բնակարան։

10. Ձեռք բերել տվյալ հանձնարարության գրավոր կամ էլեկտրոնային տարբերակը։

11. Եթե հանձնարարությունը բանավոր է եղել, պարզել այն տված պաշտոնատար անձի ինքնությունը և դրա ճշգրիտ բովանդակությունը։

12. Պարզել այն քննիչի ինքնությունը, որի պահանջով, ըստ ոստիկանության աշխատակիցների, նրանք եկել են Գրետա Դրամփյանի հետևից։

13. Պարզել համապատասխան քրեական վարույթի համարը։

14. Պարզել Գրետա Դրամփյանի դատավարական իրական կարգավիճակը տվյալ վարույթում։

15. Պարզել՝ ինչ վարութային գործողության համար էր նախատեսվում Գրետա Դրամփյանին ժամը 19:00-ին ներկայացնել քննիչին։

16. Պարզել, թե ե՞րբ է նշանակվել այդ գործողությունը։

17. Պարզել, թե ինչու Գրետա Դրամփյանին այդ գործողության վերաբերյալ նախապես պատշաճ ձևով չեն ծանուցել։

18. Ձեռք բերել Գրետա Դրամփյանի անունով կազմված բոլոր ծանուցագրերը՝ դրանց առկայության դեպքում։

19. Ձեռք բերել դրանց առաքումը կամ հանձնումը հավաստող բոլոր ապացույցները։

20. Պարզել՝ Գրետա Դրամփյանը համաձայնություն տվե՞լ է արդյոք իրեն այլ եղանակով ծանուցելու համար։

21. Պարզել՝ ընդունվել է արդյոք Գրետա Դրամփյանին հարկադրաբար ներկայացնելու կամ, ոստիկանության օգտագործած ձևակերպմամբ, բերման ենթարկելու վերաբերյալ որևէ որոշում։

22. Եթե այո՝ անհապաղ տրամադրել այդ որոշման պատճենը։

23. Պարզել այդ որոշման ընդունման օրը և ժամը։

24. Պարզել դրա փաստական և իրավական հիմքերը։

25. Եթե նման որոշում չի եղել, պարզել՝ ինչ իրավական հիմքով է նախատեսվել Գրետա Դրամփյանին ուժով առևանգել բնակարանից և ժամը 19:00-ին ներկայացնել քննիչին։

26. Պարզել՝ գոյություն է ունեցել արդյոք Գրետա Դրամփյանին ձերբակալելու որևէ իրավական հիմք։

27. Եթե ոչ՝ իրավական գնահատական տալ նրան ձերբակալմամբ սպառնալու փաստին։

28. Իրավական գնահատական տալ նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու սպառնալիքին։

29. Պարզել՝ արդյոք այդ սպառնալիքներն օգտագործվել են բնակարանի դուռը բացել ստիպելու նպատակով։

30. Պարզել՝ ինչու են ոստիկանները սկզբում հայտարարել, որ փնտրում են ոմն Տաթևիկի։

31. Պարզել՝ գոյություն ունեցե՞լ է արդյոք Տաթևիկ անունով անձի վերաբերյալ որևէ իրական ծառայողական հանձնարարություն։

32. Ձեռք բերել նման հանձնարարությունը՝ առկայության դեպքում։

33. Եթե նման հանձնարարություն չի եղել, պարզել՝ ով է ոստիկանության աշխատակիցներին տվել «Տաթևիկ» անունը օգտագործելու ցուցում։

34. Պարզել՝ արդյոք «Տաթևիկի» անունը օգտագործվել է բնակարանի դուռը մոլորեցման միջոցով բացել տալու նպատակով։

35. Պարզել՝ ինչ իրավական հիմքով է մեր տան բակ բերվել պատուհանի միջոցով բնակարան մուտք գործելու համար նախատեսված մեքենան կամ տեխնիկական միջոցը։

36. Պարզել տվյալ մեքենայի տեսակը, պատկանելությունը և հաշվառման տվյալները։

37. Պարզել՝ ով է հրահանգել այն բերել մեր բնակության հասցե։

38. Պարզել՝ ինչ գործողություն պետք է իրականացվեր դրա միջոցով։

39. Պարզել՝ առկա՞ է եղել բնակարան հարկադրաբար մուտք գործելու թույլտվություն կամ համապատասխան դատական ակտ։

40. Եթե նման թույլտվություն չի եղել, պարզել՝ ինչ հիմքով է նախապատրաստվել նման գործողություն։

41. Պարզել ամբողջ գործողության ժամանակագրությունը՝ առնվազն 2026 թվականի սեպտեմբերի 22-ի ժամը 17:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածի համար։

42. Անհապաղ պահպանել տվյալ գործողությանը մասնակցած ոստիկանների մարմնին ամրացված տեսախցիկների բոլոր տեսագրությունները՝ առկայության դեպքում։

43. Պահպանել ոստիկանության բոլոր ծառայողական ավտոմեքենաների GPS/տեղորոշման տվյալները։

44. Պահպանել և ձեռք բերել ոստիկանների ծառայողական ռադիոկապի, հեռախոսային և համապատասխան էլեկտրոնային հաղորդակցության տվյալները՝ օրենքով թույլատրելի ծավալով։

45. Ձեռք բերել համապատասխան ստորաբաժանումների հերթապահության մատյանները։

46. Ձեռք բերել ոստիկանների տեղակայման, դուրսգրման և վերադարձի ժամանակների վերաբերյալ տվյալները։

47. Անհապաղ ձեռք բերել և պահպանել մեր տան բակի, շենքի մուտքի, վերելակի և հարակից տարածքների տեսահսկման տեսագրությունները՝ դրանց ավտոմատ ջնջումից առաջ։

48. Հարցաքննել բնակարանի դռան մոտ ներկայացած երկու ոստիկաններին։

49. Հարցաքննել մեր տան բակում գտնված մյուս ոստիկաններին։

50. Հարցաքննել տվյալ գործողությունը ղեկավարած պաշտոնատար անձին։

51. Հարցաքննել համապատասխան քննիչին։

52. Պարզել՝ քննիչը կոնկրետ ինչ հանձնարարություն է տվել ոստիկանությանը։

53. Պարզել՝ քննիչը հանձնարարե՞լ է արդյոք ոստիկաններին Գրետա Դրամփյանին ուժով ներկայացնել։

54. Պարզել՝ քննիչը հանձնարարե՞լ է արդյոք սպառնալ ձերբակալությամբ կամ ձեռնաշղթաների կիրառմամբ։

55. Պարզել՝ քննիչը տեղյա՞կ է եղել արդյոք պատուհանի միջոցով բնակարան մուտք գործելու համար նախատեսված մեքենայի/միջոցի առկայության մասին։

56. Պարզել՝ ով է կազմակերպել ամբողջ ոստիկանական գործողությունը։

57. Իրավական գնահատական տալ Գրետա Դրամփյանի մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտությանը՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի և ՄԻԵԿ 8-րդ հոդվածի տեսանկյունից։

58. Իրավական գնահատական տալ մեր բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր միջամտությանը՝ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի տեսանկյունից։

59. Ձեռք բերել 2026 թվականի մայիսի 18-ին Զարուհի Փոստանջյանի և Սուրեն Դրամփյանի վերաբերյալ ներկայացված հաղորդման ամբողջական նյութերը։

60. Պարզել՝ այն ներկայացվել է արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի կողմից։

61. Պարզել այդ հաղորդման գրանցման ճշգրիտ ժամը։

62. Համադրել այդ ժամը Նիկոլ Փաշինյանի՝ նույն օրը իմ վերաբերյալ հրապարակային հայտարարությունների ժամանակի հետ։

63. Ձեռք բերել հաղորդման բոլոր հավելվածները և հիմքում ընկած նյութերը։

64. Ձեռք բերել հաղորդման վերաբերյալ սկզբնական փուլում ընդունված բոլոր որոշումները։

65. Եթե սկզբնական փուլում արձանագրվել է հանցագործության հատկանիշների բացակայություն կամ վարույթին այլ ընթացք է տրվել, պարզել՝ ով, երբ և ինչ հիմքով է նախաձեռնել հետագա գործողությունների շարունակությունը։

66. Պարզել՝ պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող որևէ անձ ուղղակի կամ անուղղակի միջամտե՞լ է այդ գործընթացին։

67. Պարզել՝ եղել է արդյոք հաղորդակցություն քաղաքական իշխանության ներկայացուցիչների և համապատասխան իրավապահ կամ հակակոռուպցիոն մարմինների միջև՝ իմ, Սուրեն Դրամփյանի կամ Գրետա Դրամփյանի վերաբերյալ։

68. Ստուգել՝ արդյոք իմ ընտանիքի անդամների նկատմամբ գործողություններն ունեն որևէ կապ իմ քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ։

69. Ստուգել՝ արդյոք դրանք ունեն որևէ կապ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունն իրականացնելու իմ փաստաբանական գործունեության հետ։

70. Քննության շրջանակում ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի մայիսի 18-ի իմ վերաբերյալ հրապարակային հայտարարությունները։

71. Ուսումնասիրել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի՝ 2026 թվականի մայիսի 22-ի հայտարարությունը։

72. Գնահատել՝ արդյոք ընտանիքիս նկատմամբ կատարվող գործողությունների նպատակներից կամ կանխատեսելի հետևանքներից մեկը կարող էր լինել իմ արտահայտվելու ազատության նկատմամբ chilling effect ստեղծելը։

73. Գնահատել՝ արդյոք դրանց նպատակը կարող էր լինել ինձ հետագա հրապարակային քաղաքական քննադատությունից հետ պահելը։

74. Գնահատել՝ արդյոք դրանց նպատակը կարող էր լինել իմ փաստաբանական գործունեության վրա ճնշում գործադրելը։

75. Գնահատել՝ արդյոք դրանց նպատակը կարող էր լինել ինձ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն դրդելը։

76. Իրավական գնահատական տալ իմ արտահայտվելու ազատության նկատմամբ հնարավոր միջամտությանը՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի և ՄԻԵԿ 10-րդ հոդվածի տեսանկյունից։

77. Իրավական գնահատական տալ իմ փաստաբանական գործունեության անկախության նկատմամբ հնարավոր միջամտությանը՝ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի և փաստաբանական գործունեության երաշխիքների տեսանկյունից։

78. Ստուգել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով և քննության արդյունքում պարզված փաստերին համապատասխան այլ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հնարավոր առկայությունը։

79. Քննության շրջանակում ուսումնասիրել նաև 2021 թվականին իմ ամուսնու՝ Սուրեն Դրամփյանի մեքենայի նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ նյութերը։

80. Պարզել՝ արդյոք այդ հարձակման և ներկայիս իրադարձությունների միջև գոյություն ունի որևէ կապ։

81. Պարզել, թե ինչ գործողություններ են իրականացվել 2021 թվականի հարձակման պատվիրատուին կամ հրահանգ տված անձին հայտնաբերելու ուղղությամբ, և ինչու մինչ օրս այդ անձը, որքան ինձ հայտնի է, չի բացահայտվել։

82. Հաշվի առնելով վերոնշյալ ամբողջ համատեքստը՝ գնահատել իմ և ընտանիքիս անդամների անվտանգության նկատմամբ առկա ռիսկերը։

83. Ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ իմ և ընտանիքիս անդամների անվտանգության ապահովման համար։

84. Բացառել Գրետա Դրամփյանի և ընտանիքիս մյուս անդամների նկատմամբ ցանկացած ապօրինի սպառնալիք, հոգեբանական ճնշում կամ ահաբեկում։

85. Եթե Գրետա Դրամփյանի մասնակցությունը որևէ վարութային գործողության իրապես անհրաժեշտ է, ապահովել նրա պատշաճ ծանուցումը օրենքով սահմանված կարգով և նրան հնարավորություն տալ արդյունավետորեն օգտվել իր բոլոր դատավարական իրավունքներից։

86. Ինձ գրավոր տեղեկացնել սույն հաղորդման գրանցման համարի, դրա հիման վրա իրականացվող վարույթի, պատասխանատու քննիչի և հսկող դատախազի տվյալների մասին։

87. Ինձ օրենքով սահմանված կարգով տեղեկացնել սույն հաղորդման վերաբերյալ ընդունված բոլոր դատավարական որոշումների մասին։

Քրեական վարույթին համագործակցելու պարտականությունը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում՝

• անձնական ազատությունից,

• մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքից,

• բնակարանի անձեռնմխելիությունից,

• պատշաճ ծանուցման ,

• քաղաքական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից,

• փաստաբանական գործունեության անկախությունից,

• և պետական իշխանության կամայականությունից պաշտպանվելու իրավունքից։

Հատկապես լուրջ քննություն է պահանջում այն հանգամանքը, որ անձին մի կողմից ներկայացնում են որպես վկա, իսկ մյուս կողմից՝ առանց որևէ համապատասխան փաստաթուղթ ցույց տալու, սպառնում են ձերբակալել և ձեռնաշղթաներ կիրառել, միաժամանակ նրա բնակության վայրում կենտրոնացնելով ոստիկանական ուժեր և բնակարան պատուհանից հնարավոր մուտքի համար համապատասխան միջոց։

Այս փաստերի համադրությունը թույլ չի տալիս տեղի ունեցածը ներկայացնել պարզապես որպես սովորական ծանուցման գործընթաց։

Պահանջում եմ պարզել՝ ինչու է վկային օրենքով սահմանված կարգով ծանուցելու փոխարեն նախապատրաստվել նման ծավալի ուժային գործողություն և ով է դրա նախաձեռնողը։

Նույն կերպ իմ ընտանիքի անդամների նկատմամբ պետական հարկադրանքի մեխանիզմների կիրառումը կամ դրանց կիրառման սպառնալիքը չի կարող գնահատվել՝ անտեսելով այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսը, հրապարակայնորեն քննադատում եմ իշխանությանը և որպես փաստաբան իրականացնում եմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունը։

Իրավասու մարմինները պարտավոր են օբյեկտիվորեն պարզել՝ արդյոք պետական լիազորությունները չեն օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներից տարբերվող՝ ինձ և ընտանիքիս վախեցնելու, իմ քաղաքական խոսքը լռեցնելու, իմ արտահայտվելու ազատության նկատմամբ զսպող ազդեցություն ստեղծելու կամ իմ փաստաբանական գործունեությանը միջամտելու նպատակով։

Այդ նպատակով քննությունը պետք է հասնի ոչ միայն գործողությունները տեղում իրականացրած ոստիկաններին, այլև բացահայտի հանձնարարությունների ամբողջ շղթան, դրանց նախաձեռնողներին և որոշումների իրական շարժառիթները։

Այսպիսով, սույն հաղորդմամբ ներկայացված փաստերը հիմք են տալիս պահանջելու, որ քրեական վարույթի շրջանակում առանձին և համակցված կերպով ստուգվեն առնվազն հետևյալ հնարավոր հանցակազմերը՝

1. ՀՀ ՔՕ 441-րդ հոդված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը,

2. ՀՀ ՔՕ 478-րդ հոդված՝ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, իսկ փաստացի ձերբակալումը չիրականացվելու դեպքում՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրա հանցափորձը,

3. ՀՀ ՔՕ 207-րդ հոդված՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, անհրաժեշտության դեպքում՝ ՔՕ 43-րդ կամ 44-րդ հոդվածների հետ համակցությամբ՝ որպես նախապատրաստություն կամ հանցափորձ,

4. ՀՀ ՔՕ 192-րդ հոդված՝ ազատությունից ապօրինի զրկելը՝ այն դեպքերում, երբ փաստական հանգամանքները չեն ընդգրկվում ՔՕ 478-րդ հոդվածի հատուկ հանցակազմով,

5. ՀՀ ՔՕ 486-րդ հոդված՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը, այդ թվում՝ փաստաբանի գործունեությանը միջամտելը, եթե հաստատվի իմ մասնագիտական գործունեության վրա ազդեցություն գործադրելու նպատակը,

6. ինչպես նաև քննության ընթացքում բացահայտված փաստերին համապատասխանող այլ հանցակազմերը։

Հատուկ պահանջում եմ, որ իրավական գնահատականը չսահմանափակվի միայն 2026 թվականի սեպտեմբերի 22-ին բնակարանի դռան մոտ գտնված երկու ոստիկանների անհատական գործողություններով։

Պահանջում եմ նաև սույն հաղորդմամբ ներկայացված փաստերի հիման վրա ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր անհրաժեշտ վարութային գործողությունները, ապահովել անհետաձգելի ապացույցների պահպանումը և յուրաքանչյուր վերոնշյալ հնարավոր հանցակազմի վերաբերյալ տալ առանձին, պատճառաբանված իրավական գնահատական։

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

22 սեպտեմբեր 2026

Քաղաքական more