ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և իրավապահ մարմինների գործունեությանը, սակայն չի կարող անտարբեր մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը համարել եղբայրական երկիր, որի ժողովրդի հետ իրեն կապում են դարերի ընթացքում ձևավորված առանձնահատուկ հարաբերություններ։
Զախարովան նշել է, որ Մոսկվայի մտահոգությունը հատկապես վերաբերում է այն գործընթացներին, որոնք որևէ կերպ ընթանում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կամ Ռուսաստանի հետ կապված քաղաքական կարգախոսների ներքո։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և ակնկալում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը կողմ հանդես եկող քաղաքական և հասարակական գործիչները կկարողանան ազատ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին։
Դիտեք նաև՝
Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում՝ փոխարենը պահանջելով վերացնել այսպես կոչված ռուսական գործոնը. ՌԴ ԱԳՆ-ն՝ երկաթուղու կոնցեսիայի վերանայման մասին
Ըստ դիվանագետի` հավանականությունը մեծ է, որ ՀՀ ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում այս հարցում, ինչը լիովին տեղավորվում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու` արևմտյան մայրաքաղաքների անպատշաճ խաղերի ոգու մեջ։
«Թե որքանով դրանից կտուժի Հայաստանը, կարծում եմ՝ ակնհայտ է բառացիորեն բոլորին։ Թող նախ իրենց ինչ-որ բան տան, կառուցեն ու անեն, իսկ հետո նոր իրենք ինչ-որ բանից հրաժարվեն։ Հավանաբար, այդպես ավելի ճիշտ կլիներ՝ տնավարի։ Իսկ ընդհանուր առմամբ, նախքան հրապարակային հայտարարություններով հանդես գալը, գործընկերները՝ երբ նրանք գործընկեր են, նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական մթնոլորտում քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները»։


