▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը` կրկին սկանդալի կենտրոնում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին: Այդ մասին «Ազատությանը» պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը:

Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստանում աղբյուրը:

Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:

«Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասացի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասաց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում»», - պատմեց Դավթյանը:

Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետն անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, Տարածքային կառավարման նախարարություն, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել:

Տիգրան Ավինյանի նախկին խորհրդականը մի քանի ամսով այս համայնքը ղեկավարել է նաև 2022-ին, մամուլում էլ նա այդ ժամանակ հայտնվեց կադրային ջարդի լուրերով: Լիանա Դավթյանին էլ այդ ժամանակ հորդորել է դիմում գրել գնալ. «Ասացի՝ ես որպես համայքնային ծառայող չեմ պատրաստվում դիմում գրել»:

Հետո ազատել է աշխատանքից, դատարանը ՔՊ-ական թաղապետի որոշումը հակաօրինական է ճանաչել, այս տարվա հունվարից Լիանա Դավթյանը վերականգնվել է պաշտոնում ու 11 միլիոն դրամ փոխհատուցում ստացել: Հուլիսին, երբ նորից Կատվալյանին են նշանակել, Լիանա Դավթյանը արձակուրդում է եղել, չեն էլ սպասել, որ վերադառնա: Նրա աշխատասենյակը դատարկել են, ու նրան տեղավորել կրթության ընդհանուր բաժնում:

«Աշխատակազմի քարտուղարը դուրս եկավ ասաց՝ «ընդհանուրի հետ եք նստելու»:

Նույնիսկ մեքենան են արգելում կայանել աշխատակազմի համար նախատեսված տարածքում, ու թաղապետի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ այս միջադեպը ծավալվել է. «Խնդիրը գիտե՞ք` որն է, որ համայնքային ծառայողը պաշտպանված լինի մեր երկրում՝ անկախ պաշտոնատար անձի քմահաճույքից: Անձնական խնդիրներից»:

Լիանա Դավթյանը այս անգամ էլ դատարան կդիմի, եթե թաղապետն անցնի գործնական քայլերի:

Հասարակություն more