▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարnւթյունների մասին

Համերգները, փառատոնները, մարզական հանդիպումներն ու այլ սիրված միջոցառումներն ավանդաբար գրավում են ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև զեղծարարների ուշադրությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար զգուշացնում է այս վտանգի մասին, իսկ զեղծարարության սխեմաները դառնում են ավելի ու ավելի բազմազան՝ կեղծ կայքերից մինչև միևնույն տոմսի վերավաճառք տասնյակ մարդկանց։

Խաբեության մեխանիզմները․

  • Պաշտոնական հարթակի կեղծ կրկնօրինակ։ Գովազդներում կամ սոցիալական ցանցերում հայտնվում է փառատոնի կամ տոմսերի վաճառքի ծառայության «պաշտոնական» կայքը, որի հասցեն գրեթե չի տարբերվում բնօրինակից։ Վճարումից հետո զոհը կորցնում է ոչ միայն գումարը՝ տոմսի արժեքի չափով, այլև քարտի տվյալները, իսկ երբեմն դրան հաջորդում է հաղորդագրություն «վճարման սխալի» մասին՝ նոր քարտով վճարում կատարելու պահանջով։
  • Տոմսերի վերավաճառք սոցցանցերում։ Facebook-ի և Telegram-ի խմբերում վաճառվում են «էլեկտրոնային տոմսեր» և QR կոդեր։ Մուտքի մոտ կոդը կարող է չաշխատել․ այն հաճախ կապված է լինում այլ հաշվի հետ կամ ակտիվանում միայն միջոցառման օրը, և ներս է մտնում նա, ով առաջինն է սքանավորում այն, նույնիսկ եթե տոմսը վաճառվել է տասնյակ մարդկանց։
  • Գոյություն չունեցող VIP-մուտք։ Վաճառողն առաջարկում է հավելյալ վճարել վավեր տոմսին «VIP-հասանելիություն» կամ «fast-track» ավելացնելու համար։ Տեղում պարզվում է, որ նման տարբերակ երբեք գոյություն չի ունեցել, իսկ հավելավճարը ստացել են զեղծարարները։
  • Տոմսեր գոյություն չունեցող միջոցառման համար։ Զեղծարարները տեղադրում են հայտնի արտիստի համերգի գովազդ՝ մարդկանց ֆիշինգային կայք ուղղորդելու և այնպիսի իրադարձության տոմսեր վաճառելու համար, որը երբեք տեղի չի ունենալու։

Կարևոր հանգամանք

Զեղծարարների հիմնական զենքն այս սխեմայում իրարանցումն է։ «Մնացել է վերջին տոմսը», «մեկ ժամից գինը կբարձրանա», «միջոցառման տոմսերն արդեն գրեթե սպառված են»․ նման ձևակերպումները ստիպում են արագ որոշումներ կայացնել և խանգարում են ստուգել վաճառողին։

Առանձնակի զգուշություն է պետք ցուցաբերել այլ անձանցից էլեկտրոնային տոմսեր գնելիս։ Նույնիսկ եթե վաճառողը ձեզ ցույց է տալիս վավեր QR կոդ, դա չի նշանակում, որ այդ նույն տոմսն արդեն վաճառված չէ մի քանի այլ մարդկանց։

Իրավաբանական ծուղակ

Եթե դուք ինքներդ եք փոխանցում գումարն անծանոթ վաճառողին կամ վճարում եք կատարում կեղծ կայքում, միջոցները վերադարձնելը կարող է չափազանց դժվար լինել։ Իսկ կեղծ էլեկտրոնային տոմս գնելու դեպքում զեղծարարությունը հաճախ բացահայտվում է միայն անմիջապես միջոցառման մուտքի մոտ, երբ վաճառողն արդեն անհետացել է։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Տոմսեր գնեք միայն պաշտոնական հարթակներից․ Կազմակերպիչներն իրենց էջերում անպայման նշում են տոմսերի վաճառքի ստուգված գործընկերների ցանկը․ առաջնորդվեք միայն այդ ցանկով։
  • Օգտվեք Idram&IDBank հավելվածի՝ տոմսերի անվտանգ գնման ֆունկցիայից․ Այն հասանելիություն է տալիս միայն պաշտոնական վաճառողներին, այդ թվում՝ Tomsarkgh-ին, գնման չեղարկման հնարավորությամբ և վեճերի դեպքում աջակցությամբ։
  • Մի՛ անցեք պատահական գովազդային հղումներով տոմսերի կայքեր․ Ավելի լավ է ինքնուրույն մուտք գործել վաճառողի պաշտոնական կայք և գտնել անհրաժեշտ միջոցառումը։
  • Այլ անձից տոմս գնելիս մանրակրկիտ ստուգեք վաճառողի տվյալները․ Նույնիսկ վավեր էլեկտրոնային տոմսը կարող է միաժամանակ վաճառված լինել մի քանի հոգու։ Ամենաանվտանգ տարբերակը նման գործարքներից հրաժարվելն է։
  • Օնլայն վճարումների համար օգտագործեք առանձին քարտ․ Առցանց գործարքների համար բացեք վիրտուալ քարտ և դրա վրա պահեք միայն տվյալ գնման համար անհրաժեշտ գումարը։
  • Զեղծարարության դեպքում դիմեք ոստիկանություն․ Եթե դարձել եք զեղծարարության զոհ, անհապաղ արգելափակեք բանկային քարտը, պահպանեք նամակագրության ու անդորրագրերի բոլոր լուսանկարները (սքրինշոթերը) և դիմեք իրավապահ մարմիններին։

Հիշե՛ք․ «վերջին տոմսը» և «միայն այսօր» արտահայտությունները շատ հաճախ ոչ թե հաջողության նշան են, այլ զեղծարարների դասական հնարք։ Տոմսերը գնե՛ք միայն ստուգված վաճառողներից և թույլ մի՛ տվեք շտապողականությանը ձեզ զրկել թե՛ գումարից, թե՛ երկար սպասված մշակութային կամ մարզական միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33

info@asekose.am/095519696
Հասարակություն more