▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռի համար պայքարը թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնելու մտադրություն ունի նաև ֆուտզալի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Ռուբեն Նազարեթյանը։ Սակայն նրա անվան շուրջ ուշագրավ պատմություն կա՝ կապված Երևանի մետրոպոլիտենում աշխատանքի և միլիոնավոր դրամների աշխատավարձի հետ։ «Տեղեկացանք, որ ՀՖՖ-ից հետո Նազարեթյանն աշխատանքի է անցել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրա աշխատանքը հիմնականում թղթի վրա է եղել։ Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի գիտությամբ և թողտվությամբ Նազարեթյանը աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է ընդհանուր 7 միլիոն 120 հազար 436 դրամ աշխատավարձ։ 2024 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի վերաբերյալ քրեական գործի մասին հաղորդագրություն, որտեղ նշված է Նազարեթյանի անունը։ Ստացվում է՝ պետական ընկերությունում հնարավոր է եղել աշխատավարձ ստանալ՝ առանց փաստացի աշխատանքի ներկայանալու։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով են կատարվել վճարումները, և ինչո՞ւ է մետրոպոլիտենի ղեկավարությունը հանդուրժել նման իրավիճակը։ Եվ հիմա ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնին հավակնող Նազարեթյանից հանրությունն առնվազն մեկ հարցի պատասխան է ակնկալում՝ ինչպե՞ս է պատրաստվում ղեկավարել հայկական ֆուտբոլը, եթե չի կարողանում փարատել սեփական աշխատանքային կենսագրության շուրջ առաջացած կասկածները»:

Մամուլ далее