
Կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես միշտ խուսափել եմ հրապարակային քննադատություններից։ Դա իմ ոճը չէ։ Բայց այս անգամ պարզապես չեմ կարող լռել։
Ժողովո՛ւրդ, այս ի՞նչ եք անում։
Սա ի՞նչ նորաձևության շաբաթ է։
Նորաձևությունը արվեստ է, ճաշակ, ստեղծագործական մտածողություն, թարմ միտումներ,մշակույթ և տարիների մասնագիտական աշխատանք։ Այն պարզապես մարդկանց պոդիումով քայլեցնելը չէ՝ բարձրագոչ անվանումների և գեղեցիկ լուսավորության ներքո։
Եթե որևէ միջոցառում հավակնում է ներկայանալ որպես Armenian Fashion Week, ապա այն առնվազն պետք է համապատասխանի այդ անվանմանը՝ թե՛ գաղափարական, թե՛ ստեղծագործական, թե՛ կազմակերպչական մակարդակով։
Այսօր նույնիսկ արհեստական բանականությունը երեք րոպեում կարող է ստեղծել ավելի հետաքրքիր, համարձակ և գեղագիտական առումով ամբողջական հավաքածու, քան այն, ինչ փորձում եք ներկայացնել որպես հայկական նորաձևության ձեռքբերում։ Եվ սա արդեն ոչ թե պարզապես ճաշակի, այլ մասնագիտական պատասխանատվության հարց է։
Մի՛ արժեզրկեք հայկական նորաձևությունը։
Մի՛ շփոթեք հավակնությունները պրոֆեսիոնալիզմի հետ։ Մենք ունենք մի 2-3 տաղանդավոր դիզայներներ, ստեղծագործողներ և ոլորտի մասնագետներ, որոնք արժանի են շատ ավելի բարձր մակարդակի ներկայացվածության, բայց սա ի՞նչ էր․․․ Քննադատությունը վիրավորանք չէ, երբ այն բխում է որակի նկատմամբ պահանջկոտությունից։ Իսկապես հիասթափված եմ։ Հաջորդ տարի ավելի լավ պատրաստվեք։ Ու հա մենք ճաշակ չունենք, իսկ դուք վերջն եք․․․ Շնորհակալություն»։


