«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնի է, հետ է կանչվել: Այժմ պատրաստվում են նոր դեսպանի ագրեմանն ուղարկել Մոսկվա: Մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է Մոսկվա գործուղել ողջ կյանքում եվրոպական երկրներում աշխատած և 2004-10թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչին` 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաև ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Նա 2018-2023թթ. եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը, ապա տեղը զիջել է Ալեքսանդր Արզումանյանին:
ՌԴ ուղարկել Արևմուտքում և հատկապես ՆԱՏՕ-ում երկար տարիներ աշխատած դիվանագետի՝ բավականին համարձակ քայլ է, պարզ չէ, թե ինչպես կընդունի դա ՌԴ-ն, որը, ի դեպ, հունվարին պատրաստվում է ինքն էլ նոր դեսպան ուղարկել Հայաստան: Եթե կողմերը համաձայնության չգան և փոխադարձաբար ագրեմանները չհաստատեն, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը կարող է խորանալ»։


