▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը զբաղված է Հայաստանի հոգևոր անվտանգությունը ոչնչացնելով». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. ««ԱՂՈԹՔԻ ՆԱԽԱՃԱ՞Շ» ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԽՐԱԽՃՍՆՔ

Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նա նպատակ է դրել (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա առաջ նպատակ են դրել) կազմաքանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը՝ որպես հայ ազգի ինքնության պահպանման դարավոր հաստատություն։
Նրա ջերմ ու եռանդուն համագործակցությունը Հայաստանի հոգևոր ոլորտում բավականին ակտիվ գործող օտարածին կրոնական կազմակերպությունների հետ և ակնհայտ արհամարհական ու անգամ թշնամական վերաբերմունքը սեփական ավանդական ազգային եկեղեցու դեմ ամենայն պարզությամբ ցույց են տալիս, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք գործ ունենք Հայաստանում օտար կառավարման մի գործիքի հետ։
Այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է Ադրբեջանի պետական և կրոնական հաստատությունների գրոհներին և նրանց կողմից հայտարարվել է «գլխավոր սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը», երբ Իսրայելի տարբեր շրջանակների կողմից աճում են ճնշումները Երուսաղեմի դարերով հայապատկան տարածքների սեփականության հարցերի շուրջ, առավել ևս, քան երբևէ, մեր Եկեղեցին կարիք ուներ իր թիկունքում կանգնած պետության, որը պատրաստ է պետական մակարդակով պաշտպանել նրա շահերը։
«Աղոթքի նախաճաշը», իհարկե, կարևոր հաստատություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են լուրջ պետությունները, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգները, համագործակցում սեփական եկեղեցական կառույցների հետ՝ ամբողջ աշխարհում իրենց օրակարգն անցկացնելու համար։ Նույնը անում են Իսրայելը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ՝ քիչ թե շատ կայացած պետությունները։
Բայց Հայաստանն այսօր իմ իմացած միակ պետությունն է, որը զբաղված է սեփական եկեղեցու ջախջախման գործով։
Սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատերը, ցավոք, չեն պատկերացնում, որ որևէ լուրջ անկախ պետության համար զուտ գոյաբանական իմաստով կարևոր են ոչ միայն ռազմական, էներգետիկ և պարենային, այլ նաև հոգևոր անվտանգության ուղղությունները։ Հատկապես մի ազգի համար, որն ունի իր ուրույն, բոլորից տարբերվող դավանանքը, մեր ժողովրդի հոգևոր համերաշխության շաղախը դարեր ի վեր:
Ջարդելով մեր ռազմական անվտանգությունը՝ Փաշինյանը հիմա զբաղված է Հայաստանի հոգևոր անվտանգությունը ոչնչացնելով։
Նա գիտի, որ դա հեշտ գործ չէ։ Նա գիտի՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով նա օժտված չէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխման լիազորություններով՝ բարեփոխման, որի շղարշի տակ նա քանդում է Եկեղեցին։ Նա գիտի, որ կատարում է քրեորեն պատժելի հանցագործություն։ Նա գիտի, որ կատարում է պատմական հանցագործություն իր ժողովրդի ինքնության գոյատևման դեմ։
Բայց նա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Դրա մասին են վկայում և՛ կառավարության վերջերս հրապարակված ողորմելի զեկույցը, որում ոչ մի ապացույց բերված չէ, և՛ 2026 թ. հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում արված հետևյալ հայտարարությունը։
«Մարդիկ կան, ասում են՝ այսօր-վաղը պետք է լուծվի այդ հարցը։ Ո՛չ։ Դանդաղ, համակարգված, ՏԱՆՋԵԼՈՎ, բայց գնալու ենք մինչև վերջ»։
Տալով իշխանության և պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ նա շարունակել է.
«Արդյունքում՝ օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի։ ...Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պե՛տք է հեռանա։ Եվ պետությունը դրա համար օգտագործելու է բոլոր լծակները»։
Մի մարդ, որ, կեղծելով 2026 թվականի ընտրությունները, բռնազավթել է իշխանությունը Հայաստանում, հայտարարել է.
«Ո՞վ է ինքը, որ մեր սրբություն սրբոցում նստի, ինքը ոչ մեկն է։ Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է և պետք է հեռանա»։
Մի զրպարտիչ, որն ինքն է դարձել օտար պետությունների ձեռքում գործիք և մինչև հիմա էլ որևէ ապացույց չի բերել եկեղեցականների՝ իբր օտար հետախուզությունների հետ համագործակցության մասին (ոչ մի քրեական վարույթ նույնպես հարուցված չէ), հայտարարում է.
«Համայնքն է որոշում, դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե ԿԳԲ-ի գործակալների միջոցով որոշումներ կայացնելը»։
Այնուհետև նա ցույց է տվել իր հանցագործ ծրագրի արդարացումն ու ճանապարհային քարտեզը.
«2018-ին մենք չէինք ուզում խառնվել՝ ելնելով այն ընկալումից, որ եկեղեցին ու պետությունն անջատ են, ու սահմաններ կան։ Իրենք են բացել այդ սահմանները։ Մենք իրենց բացած դռնով ենք մտել ու այդ դռնով գնալու ենք մինչև վերջ։ Իմ պատկերացումն այն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պետք է իրենց իրավունքներն իրացնելու երաշխիքներ ու լծակներ ունենան, իրենք կհեռացնեն կաթողիկոսին»։
Որ սա ամբողջությամբ սուտ է, ակնհայտ է հետևյալ պարզ իրողությունից. եթե կաթողիկոսը իր որևէ գործողությամբ քրեորեն պատժելի միջամտություն կատարեր պետության գործերի մեջ, նրա դեմ վաղուց հարուցված կլիներ այդ մեղադրանքով վարույթ։ Իսկ ահա Փաշինյանի գործողությունները և, մասնավորապես, այս ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած հայտարարությունները ամբողջությամբ քրեորեն պատժելի արարքներ են, և եթե նա չի ենթարկվում դրանց համար պատասխանատվության, դա միայն այն պատճառով է, որ իշխանազավթը ապօրինաբար վերահսկում է դատաիրավական մարմինների գործունեությունը։
Եկեղեցու ոչնչացումը Փաշինյանի կողմից օտարներին ծառայող բռնապետության հաստատման ընդամենը մի տարրն է, որն ուղղված է կրոնի ազատության և մեր հոգևոր անվտանգության դեմ։ Երկրում նա ցանկանում է ոչնչացնել նաև մեր մյուս քաղաքացիական ազատությունները՝ սեփական կառավարություն ընտրելու, խոսքի, հավաքների, մասնավոր կյանքի անձեռնմխելիության։
Թույլ չենք տա»։

***

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ կառավարության երեկվա այս հայտարարությունն ու կից լուսանկարները միանգամայն բավարար են հասկանալու համար, թե որ (ոչ ազգային!) եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Ն. Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները։
Բացի այդ՝ Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման ժամանակ պատերին ՀԱՅԵՐԵՆ ԳԵԹ ՄԵԿ ԲԱՌ ՉԿԱ։ Միայն անգլերեն մեծ պաստառներ են՝
REPUBLIC OF ARMENIA
PRAYER BREAKFAST
ARMENIA IN PRAYER
Ի՞նչ պետական լեզու, ի՞նչ ՀՀ Սահմանադրություն, ի՞նչ «Լեզվի մասին» ՀՀ օրենք, ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ ազգային արժանապատվություն, ի՞նչ հարգանք Հայ Եկեղեցու և նրա հավատավոր ժողովրդի նկատմամբ... Այս ամենը այսօրվա Հայաստանում չի գործում, ավելին՝ բացահայտորեն արհամարհվում է հենց ՀՀ ղեկավարության կողմից։
Մնացածը՝ առանց մեկնաբանության։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է աղոթքով, որը հնչեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե (Կաթոլիկ) Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:
Վարչապետ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին»։

Քաղաքական далее