▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«100 հազար սոցիալական աջակցություն ստացած անձն արժանցավ 110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի». փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ինչ-որ մեկը ժամանակին ասում էր․ «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ», բայց ոչխարը մոռացկոտ կենդանի է։
Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր ՀՀ պարեկային ծառայության կողմից երկու արցախցիներ 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար։
Ընդ որում, վարչական պատասխանատվության են ենթարկվել այնպիսի անձինք, որոնք ՀՀ տարածքում չունեն անգամ ժամանակավոր բնակության վայր, աշխատանք կամ եկամտի այլ աղբյուր։ Պարեկային ծառայողները վարչական պատասխանատվության ենթարկելիս հաշվի չեն առել անգամ իրավախախտի կողմից իր երեխային հիվանդանոց տեղափոխելու հանգամանքը։ Ավելին՝ երեկ վարչական պատասխանատվության ենթարկվեց մեկ այլ քաղաքացի, որն այրվածքների հետևանքով եղբոր մահվան լուրը լսելուց հետո Սևան քաղաքից երթևեկում էր Երևան՝ «Արմենիա» ՀԲ կենտրոն։
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ներկայիս գործադիր իշխանության, ՀՀ քաղաքացու անձնագիր կրող արցախցու վրա դնում է այնպիսի պարտավորություն, որը փաստացի հնարավոր չէ կատարել։ Այլ կերպ, բռնի տեղահանված, գործազուրկ և անգամ կեցության համար գումար չունեցող քաղաքացին այս պահին ևս կրում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն՝ իսկ դրա չկատարումն անվերապահորեն հանգեցնում է վարչական պատասխանատվության։
Իհարկե, որոշ անձինք նման դեպքում կարող են կարծիք արտահայտել, որ եթե քաղաքացին ի վիճակի չէ կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ապա թող նաև մեքենա չվարի, սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ներկա պահին արցախցիների ծանրակշիռ մասը չունի անգամ վառելիքի համար նախատեսված անհրաժեշտ դրամական միջոցներ, ինչից հետևում է, որ վերջիններս մեքենա են վարում միայն խիստ անհրաժեշտության դեպքում (հարազատների որոնում, իրերի տեղափոխում, բուժհաստատություն շտապ ժամանում և այլն)։
Ասածս այն է, որ նման քաղաքականություն վարելն այս փուլում ավելի քան վաղաժամ է, իսկ եթե նման քայլերով պատասխանատու անձինք հետապնդում են այլ նպատակ (օրինակ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով պարտադրել քաղաքացուն կնքել ԱՊՊԱ պայմանագիր, որպեսզի հնարավոր վթարների դեպքում վերջինիս բեռը թեթևանա), ապա սկզբնական շրջանում, օրինակ, թող հատկացնեն լրացուցիչ միջոցներ՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։ Ամեն դեպքում ընտրված միջոցը, ըստ իս, անմարդկային է ու վատագույն։
Հետգրառում․ Հիշեցնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 9 ամիս տևած շրջափակման պայմաններում արցախցիները, վառելիքի բացակայությամբ պայմանավորված, մեքենա չէին շահագործում, ուստի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու կարիք չկար։ Այդ պատճառով ՀՀ տեղափոխված գրեթե ամեն արցախցու ավտոմեքենա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր չունի։
Հետգրառում 2․ Տեսագրության մեջ վարչական պատասխանատվության ենթարկված անձը ես չեմ։
Հետգրառում 3. Կոնկրետ դեպքում 100 հազար սոցիալական աջակցություն ստացած անձն արժանցավ 110.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի։
Ի գիտություն. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդն ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարումից, սակայն այն պայմանով, որ խախտման մասին արձանագրություն կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում խախտումը վերացվի։ Այսինքն՝ 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու դեպքում վարորդը կվճարի ընդամենը 25.000 ՀՀ դրամ տուգանք»։

Թարմացված․ Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ պարեկները 100-հազարական դրամով տուգանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի, որոնք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին հետևյալը.

«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:

ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:

Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին