16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, պնդում է, որ իր որդին չի ճանաչել սպանվածին:
Այս մասին հայտնում է Aravot.am-ը, ում հետ զրույցում Արա Սուքիասյանն ասել է.
«Իմ տղան սոցկայքերով հայտարարություններ էր տարածում, որ ինքը կարող է համակարգիչների, տեխնիկայի վերանորոգման ծառայություններ մատուցել, եւ լինում էին կանչեր, ինքը գնում էր ծառայությունները մատուցում էր ու գրպանի փող էր վաստակում այդ ճանապարհով: Այդպիսի կանչերից մեկն էլ եղել է այդ աղջկա հասցեից, տղաս նույնիսկ զինվորական համազգեստով, երբ նոր էր հերթապահությունը հանձնել առանց ժամանակ կորցնելու, լրացուցիչ գումար վաստակելու նպատակով արձագանքում է կանչին, գնում է այդ հասցե՝ առանց կասկածելու, որ այդտեղ ծուղակ կա: Քանի որ սպանվածի մայրն ասում է, որ իր աղջկա տարեդարձն էր այդ օրը, ենթադրում եմ՝ աղջիկները հավաքվել են ու մտածել են, որ իրենց տղա է պակասում, որ հավաքույթը լիարժեք լինի, մտածել են՝ այդ տղային կանչենք վերանորոգման պատրվակով: Տղաս այդտեղ հայտնվելով՝ ինքն իրեն հարմար չի զգացել, ասել է՝ տվեք, ինչ վերանորոգելու եմ, տանեմ հետս վերանորոգեմ, հաջորդ օրը վերադարձնեմ»,- պատմել է Արա Սուքիասյանը՝ պնդելով, որ դա իր վարկածն է:
Վերջինս հավելել է նաև, որ որդին տեսակցության ժամանակ իրեն պատմել էր, որ, երբ դեպքի օրը դուրս է եկել աղջիկների տնից, այդ տանը եղել են սպանվածի ընկերուհիները ու մի տղա, որն իր վրա LGBT համայնքի ներկայացուցչի տպավորություն է թողել իր կանացի պահվածքով: Արա Սուքիասյանը հորդորել է սպանվածի մորն ու հարազատներին սպանություն կատարողին փնտրել աղջկա շրջապատում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում