«Մեր համայնքից 34-ամյա կին կա, ով 10 օր պառկած էր Մարտունիի հիվանդանոցում, հետո տեղափոխեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, բայց ես դեռ չգիտեմ՝ հաստատված դեպքն ինքն է, թե այլ մարդու հետ է կապված»:

Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտնել է Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը` խոսելով Գեղարքունիքի մարզի առաջին վարակակրի մասին:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրեն ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են կնոջ ընտանիքի անդամներին զգուշացնել, որ պետք է մեկուսանան, մինչև իրենք միջոցներ կձեռնարկեն:
«Տանը երկու անչափահաս կա, սկեսուրն էլ՝ անկողնային պառկած, իրենք մեր տեղեկություններով շփումներ չեն ունեցել, հստակ ասել դեռ չեմ կարող: Ես զգուշացրել եմ, որ տնից դուրս չգան, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»:


