▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու տեղակալը կազատվեն պաշտոնից, մանրամասներ զորամասի հրդեհից

 

 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. աշխատանքից կազատվի նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի թիկունքի և կապիտալ շինարարության ծառայության գծով տեղակալը:

Այս մասին գրում է Լուրերը։

Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Հավելենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի հրդեհից։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին:

Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին