Ցանկացած քայլ պետք է շատ կշռադատված լինի եւ բացառապես իրականացվի պետության կողմից. ինքնագործունեությունն այստեղ անթույլատրելի է: Այս մասին Նյուզ.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով զենքի ուժով Լաչինի միջանցքը բացելու կոչերին:
«Ավելին, բոլոր այն մարդիկ, որոնք ինչ-որ բան են առաջարկում եւ փորձում անել, նաեւ պատասխանատվություն կրեն իրենց քայլերի համար: Զենքի միջոցով բացումը մենք գիտենք՝ ինչի է բերելու: Դա առիթ է լինելու Ադրբեջանի համար սկսելու ինչ-որ գործընթացներ: Եթե մենք որոշում ենք ընտրել այդ ճանապարհը, ազգովի պետք է որոշենք եւ ասենք՝ սա է վերջը, ինչ կլինի՝ կլինի: Դրանից հետո մենք հասնելու ենք չվերադարձման կետին»,-ասաց նա:
Հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Արցախի իշխանությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Շատ բարդ է ասելը, թե ինչ կարող ենք անել: Արցախն իր զինանոցում ունի երկու փամփուշտ. Մեկը, որ սկսում է զինված դիմադրություն՝ ազգովի որոշում կայացնելուց հետո, մյուսն այն է, որ բիբլիական ձեւով դուրս ենք գալիս՝ գենոֆոնդը փրկելու համար: Սա միայն Արցախի խնդիրը չէ, պետք է աշխատի նաեւ Հայաստանը՝ ռուսների հետ, Արեւմուտքի հետ: Այս պայմաններում ի՞նչ անի Արցախը, մասնատված, վերակենդանացման բաժանմունքում գտնվող մի երկիր»: