«Փաստինֆո»-ն ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։
2023-ին Խաչատրյանն հայտարարագրել է 3 բնակարան և մեկ հողամաս Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ընդ որում՝ բնակարաններից 2-ը նա ձեռք է բերել գործող իշխանության օրոք՝ մեկը 2019-ին՝ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակվելուց ամիսներ անց, իսկ մյուսը՝ 2021-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվելուց 2 ամիս անց։
2023 թվականը նույնպես Խաչատրյանի համար առանց ձեռքբերումի չի անցել, նա 8 մլն դրամով ձեռք է բերել PORSCHE մակնիշի ավտոմեքենա։
2023-ի տարեվերջին Խաչատրյանը հայտարարագրել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին փոխանցած 28 մլն դրամի փոխառություններ, միաժամանակ, տարեվերջին նրա վերցրած վարկային միջոցների մայր գումարը կազմել է 11,1 մլն դրամ։
Խաչատրյանն հայտարարագարել է նաև 20 մլն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 2 բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա եղել է 2,1 մլն դրամ ու 176 եվրո գումար։
Տարվա ընթացքում նրա ստացած եկամուտները կազմել են 29 մլն 340 հազար դրամ, որից 28 մլն 459 հազար դրամը աշխատանքի դիմաց վարձատրությունն է, իսկ 881 հազար դրամը նա ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Հայտարարագրած խոշոր ծախսերի ցանկում են նաև հանգստի համար ուղղված 4,6 մլն դրամը, ինչպես նաև վարկերի մարմանն ուղղված 3,7 մլն դրամի վճարումները։