▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

36-ում հայր դառնալը թույլ է տալիս գիտակցել երջանկությունդ. Արտաշես Մխիթարյանը՝ նորածին որդու մասին

Life.panorama.am-ը գրում է. Արտաշես Մխիթարյանը հուլիսի 4-ին հայր է դարձել: Կայքի հետ զրույցում դերասանը խոստովանեց, որ գիտակցում է իրեն տրված երջանկությունը, բայց նաեւ դեռ շոկային զգացողություններ ունի.

«Առաջին իսկ օրից ես ինձ տրամադրել էի ու ինքս ինձ պապայի կարգավիճակն էի ներշնչում, ինչ խոսք, ես վաղուց 18 տարեկան չեմ, 36-ում հայր դառնալը թույլ է տալիս գիտակցել երջանկությանդ ու պատասխանատվությանդ չափը, իսկ բալիկի ծնունդից հետո անկախ քեզնից մեջդ տիրող շոկային վիճակը, թերեւս նորմալ է. այն երեւի կլինի այնքան ժամանակ, մինչեւ կինս ու տղաս արդեն տանը լինեն»,- նշեց Արտաշեսն ու խոսեց որդու հետ առաջին հանդիպման մասին.

«Բառերն, իրոք, անզոր ու խեղճ են դառնում այն զգացողությունների կողքին, երբ առաջին անգամ տեսնում ես քո սիրո պտղին, քեզնից ծնվածին: Հիմա կատարյալ երջանիկ եմ»,- նշեց նորաթուխ հայրիկը:

Արտաշեսն ու կինը որդուն Մաքսիմ անունն են տվել՝ ի պատիվ դերասանի հայրիկի.

«Ես ու կինս շատ ենք սիրում Մաքսիմ անունը, հենց այդ պատճառով էլ որոշեցինք պապիկի պատվին մեր որդուն այդ անունով կոչենք: Նրան ավելի շատ Մաքս կասենք, այդպես շատ ավելի գեղեցիկ է»,- նշեց նա:

Արտաշեսը դեռեւս նմանություններ չի գտնում, այդ հարցում նա իր հստակ մոտեցումն ունի.

«Իհարկե, ամեն մեկն էլ իր նմանությունները կփորձի գտնել: Այս հարցում հաստատ յուրաքանչյուրն իր կարծիքը կունենա, բայց ես կարծում եմ, որ նա ինքն իրեն է նման: Տղաս խաժակն է, ինչը նրան անասելի գեղեցկացնում է: Ի դեպ՝ անգամ բժիշկներն են խոստովանում, որ տղաս կյանքի առաջին իսկ օրից ցույց է տալիս իր բնավորությունը. Նա ամեն գնով հասնում է իր ուզածին, ունի իր պահանջները, որոնք ստիպում է բավարարել»,- ծիծաղելով նշեց նա:

Արտաշես Մխիթարյանը նկատեց նաեւ, որ մինչ որդու ծնունդն արդեն պատկերացրել է, թե ինչպիսի հայր է լինելու.

«Նորմալ մարդու համար օրինակ են թե սեփական ընտանիքը, թե իր միջավայրում գոյություն ունեցող ընտանիքները: Ես միշտ մտածել եմ, թե ինչպես պետք է լինի իմ հարաբրությունները որդուս հետ, եւ այդ մտորումների հանրագումարում միշտ կարծել եմ, որ ամեն պարագայում պետք է օգտակար լինեմ նրան: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեռք բերեմ տղայիս վստահությունը, եւ նրա համար լինեմ ընկեր-ծնող: Իմ կարծիքով ծնողն այդպիսին պետք է լինի, գուցե գա ժամանակ, որ ծնողն ու երեխան հեռու լինեն միմյանցից, բայց զավակը պետք է միշտ հիշի, որ ինչ-որ մի տեղ կա այն հենարանը, լույսը, ուժը, որ ամեն հարցում պատրաստ է ձեռքդ բռնել եւ առանց խաբելու ճիշտ ուղին մատնանշել: Ես փորձելու եմ այդպիսի հայր լինել, ամեն ինչ կանեմ, որ տղաս ինձ հետ երջանիկ լինի»- հավելեց դերասանը:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին