Ազգային ժողովում ավարտվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն տևեց մոտ 4 ժամ։
Այսօրվա հյուրն Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանն էր, որը քառօրյայի ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը
«Իմ մասով էլ եղել են բացթողումներ, որի մասին գիտեն բոլոր հրամանատարները». այս մասին հայտարարեց Լեւոն Մնացականյանը, ապա շարունակեց.
«Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Եվ այն թերությունները, որ եղել են…ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, անելիքները այնքան շատ են: Պաշտպանության բանակը աշխատում է այդ ուղղությամբ»:
Լևոն Մնացականյանը պնդեց, որ իրենց առաջ դրված խնդիրը կատարել են, և ճակատագրական սխալ լինելու մասին խոսք լինել չի կարող։ Դիտարկմանը, թե հայկական կողմը 100-ից ավելի զոհ է ունեցել, պարոն Մնացականյանն ասաց․ «Ապրիլի 2-ից մինչև 5-ը 100-ից ավելի զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայողներ են եղել»։
Հարցին՝ Հայաստանն այդ օրերին 400՞, թե՞ 800 հա տարածք է կորցրել, Լևոն Մնացականյանն ասաց, որ իրենց հաշվարկով 400-ը։