Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին այցելել է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղ, մասնակցել 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձին:
Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին:
Դավիթի մոր` Սոնա Շահնազարյանի խոսքով, ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների էր մեկնել, վերդարձել զորամաս արդեն որպես ջոկի հրամանատար: Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նաև հետախուզական դասընթացների է մասնակցել:
Տիկին Սոնան հիշում է, Դավիթի հրապարակած` «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է:
Արագ արձագանքման ջոկատի կազմում Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին, ծնողների տեղեկությամբ, ինչ-որ պահից ստանձնել է նաև ջոկատի հրամանատարությունը:
Դավիթի զինակից ընկերները, արդեն պատերազմից հետո, ընտանիքի անդամներին պատմել են, որ իրեց բոլորին Դավիթն է շտապ օգնության մեքենա տեղափոխել ու ճանապարհել հոսպիտալներ։ Բոլորին խոսք է տվել, որ ինքն էլ կգա։
Դավիթի մայրը վարչապետի տիկնոջը պատմել է հերոս Դավիթի ծառայությունից, ինչպես նաև սպորտային հաջողություններից․ Դավիթը սամբոյի Հայաստանի փոխչեմպիոն է: Դավիթի հետ տան անդամները վերջին անգամ խոսել են նոյեմբերի 7-ի երեկոյան:
Դավիթ Շահնազարյանի հարազատները, ընկերներն ու համագյուղացիները Աճարկուտի մանկական խաղահրապարակում, որն ավելի հայտնի է «Դավիթի պուրակ» անվամբ, կազմակերպել էին հիշատակի միջոցառում։
Ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, շեշտել՝ յուրաքանչյուրը պարտավոր է պահել ու չպղծել պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Աննա Հակոբյանը սխալ քայլ է համարել, երբ որոշ մարդիկ մտածում ու պնդում են, թե պարզ չէ, հանուն ինչի ընկան հերոս տղաները, կամ երբ մարդիկ մխիթարություն չեն տեսնում նրանց անձնազոհ արարքի մեջ։ Ըստ Աննա Հակոբյանի, դա նշանակում է չհարգել այն մարդկանց որոշումը, որոնք հայրենիքը գերադասել են կյանքից, քանի որ նրանք զոհել են իրենց կյանքը, որ այսօր ապրենք բոլորս։
Վարչապետի տիկինը ընդծել է նաև․ մեր երկրի սահմանները պաշտպանելու համար այլ երկրից չեն գալու, դա բոլորիս պարտքն է՝ տղամարդկանց և կանանց, երիտասարդների և տարեցների։ Աննա Հակոբյանը վստահություն է հայտնել․ սահմանին պետք է կանգնի մեր ազգի գոնե մեծամասնությունը և հույսը չդնի մի քանի հազար հերոսի անձնազոհության վրա։
Անմահացած տղաներին բոլորս հավերժ պարտք ենք, իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը, և դա պետք է չարտացոլվի միայն կազմակերպված միջոցառումներով, գրված երգերով ու բանաստեղծություններով, դա պետք է ապացուցել գործով։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Դավիթ Շահնազարյանի ծնողների՝ Դարչո և Սոնա Շահնազարյանների, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Դավիթ Շահնազարյանի գերեզման, ծաղիկ խոնարհել շիրիմին, ծնողներին շնորհակալություն հայտնել՝ հայրենասերի նման տեսակ լույս աշխարհ բերելու և դաստիարակելու համար։