Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար։
Ուշ գիշերով ընկերներս ուղարկեցին ժամանակին էժանագին սերիալներում երկրորդական դերեր խաղացած ու հոլովակում ակվարիումում տվայտված, օլիգարխի մոտ վարձու խմբագիր աշխատած Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ ցանկանում է ինձ դատի տալ և հերքման պահանջ է ներկայացրել։
Պատճառը՝ հարցազրույցս է, որտեղ խոսել եմ նրա հայտարարությունների ու գործունեության, ՔՊ-ական իշխանությունների կործանարար քաղաքականության մասին, ու նաև՝ հիշատակել իր թանկարժեք բնակարանի մասին։
Շուրջ 50 րոպե տևած հարցազրույցում արտահայտած մտքերիցս Ալեն Սիմոնյանը վիրավորական չի համարել, ասել է թե չի ուզել հերքել, որ՝
* ՔՊ ներսում առնետի նման իրար խժռում են ու շարունակելու են խժռել,
* հայտնի չուկչայի անեկդոտի պես (երբ նռնակի հետ է խաղում և չի հասկանում, որ այն կարող է պայթել), այս իշխանությունը կրակի հետ է խաղում ու վտանգում մեր երկիրը,
* ներքին պայքարում բռնաբարում է օրենքն ու արդարադատությունը՝ այն օգտագործելով լոկ սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման գործիք։
* Նա չի հերքում, որ առավոտյան Ջրվեժի առանձնատնից է գալիս ԱԺ աշխատանքի երկու մեքենայի ուղեկցությամբ, թեև ասվում էր՝ ապրում է Կոնդի կառավարական առանձնատանը։
Այս ամենն իրեն չի մտահոգել, այլ Ալեն Սիմոնյանն անհանգստացել է «Հյուսիսային պողոտայում ու էդտեղ տներ առնել ու ծախելու» մասին իմ խոսքից։
Խոսքս լավ ու ամբողջական չի լսել, հակառակ դեպքում դա չէր պահանջի հերքել։ Բայց այդ մասին, եթե ցանկանա դատարանում կխոսենք։
Ի դեպ, ի տարբերություն իրեն, ես երբեք կարիք չեմ ունեցել և չունեմ որևէ տեսակի հովանավորչության:
Նա ակնկալում է փաստերով ցույց տամ, թե Հյուսիսային պողոտայի որ բնակարանն է իրենը։
Ասեմ՝ Հյուսիսային պողատա հասկացությունը վաղուց զուտ կոնկրետ հասցե չէ, այլ հանրության մեջ ընդհանրական ձեւակերպում է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էլիտար կառույցների համար։
Ինձ համար էլ, ով միշտ ապրել է Երեւանի լավագույն, գեղատեսիլ ծայրամասում՝ Քանաքեռում, սնկի պես բուսնած փոքր կենտրոնի բարձրահարկերի հավաքականությունն ընդհանրական մեկ անուն ունի՝ Հյուսիսային պողոտա, որի տարբեր շենքեր ունեն տարբեր հասցեներ, ասել է թե էլիտար, հազարավոր դոլարներ արժողությամբ վեր խոյացող շենքեր։
Ի դեպ, այդ հասցեներից մեկում՝ Եկմալյան 1/1 հասցեում էլ Ալեն Սիմոնյանի բնակարանային առուվաճառքների պատմությունների մասին էլ մամուլը վաղուց է գրել։
Դատական թղթապանակի հարստացման համար էլ երեկվանից բազում քաղաքացիներ նոր փաստեր են ուղարկում:
Իսկ ես Ալենի համար ընկեր Գեղամ չեմ, ինչպես նա է ինձ իր գրությունում դիմել (ինչպես ասում են՝ тамбовский волк тебе товарищ...)։ Ընկեր Գեղամով կարող են դիմել ինձ կուսակցական, գաղափարական ընկերներս, պայքարի զինակիցներս։ Եվ ոչ թե Հայրենիք ու Արցախ ուրացածները։
Հ.Գ. Արձանագրում. Ալեն Սիմոնյանը ստում է. Երկիր Մեդիային Նա դատի չի տվել, ինչպես ինքն է գրում ու իբր թե մեծահոգաբար հաշտության է համաձայնվել:
Այսպես. Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս, որ հրապարակի Երկիր մեդիայի դեմ իր հայցը, հակառակ դեպքում ետ քաշի մամուլի դեմ իր ունեցած բոլոր հայցերը:
Հ.Գ. 72 ժամ էլ տանք, որ հերքի կամ հաստատի դեռևս 2020թ-ի սեպտեմբերին արված իր խոսքը՝ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»»։
***
Ավելի վաղ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում գրել էր. «Քիչ առաջ մի հարցազրույց դիտեցի, որտեղ դաշնակցական Գեղամ Մանուկյանը «փեշերը փռել» և պաշտպանում էր Քոչարյանին, Քոչարյանի կարողությունը, Քոչարյանի անվտանգության աշխատակցի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը: Հ.Գ. Միայն մի խնդրանք ընկեր Գեղամին, երբ գա դատարան իմ Հյուսիսայինի առած-ծախած տների մասին ապացույց ներկայացնելու, չփորձի ասել, որ դա նկատի չի ունեցել, Հյուսիսայինը նկատի չի ունեցել կամ ինձ նկատի չի ունեցել, կամ իրեն սխալ են հասկացել, եթե մյուսների պարագայում ինձ մեկ է նման մանր բաները, իրան դա չի սազի, ես իրեն արժանապատիվ եմ վերաբերվում, կհիասթափվեմ»: |