ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հրապարակել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:
Հաղորդագրության մեջ ասվում է.
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: