▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 տարում 6 պաշտոն ստանձնած Արգիշտի Քյարամյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը

Թավշյա ու փոփոխական իրողություններով նոր Հայաստանը լավագույնս ներկայացնող պաշտոնյան, թերևս, Արգիշտի Քյարամյանն է՝ 6 տարում՝ 6 պաշտոն սկզբունքով։

Պետեկամուտների կոմիտեից՝ Պետական վերահսկողական ու Ազգային Անվտանգության ծառայություններ հասած, ու այսօր արդեն՝ Քննչական կոմիտեն ղեկավարող Քյարամյանը, հենց այս պաշտոնները հաշվի առնելով, կարելի է ասել, որ նաև թավշյա իրողություններից ամենաշատը շահած պաշտոնյան է։

Իսկ թե հեղափոխությունից հետո ինչ տեսք ունի նրա ու նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հերթական՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, 168․am-ը ներկայացրել է մեկ դիպաշարով։

Այսպիսով, ըստ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրի, ՔԿ նախագահը տարեսկզբին ու տարեվերջին հայտարարագրել է 9 անշարժ գույք, որոնք հիմնականում 2016 թվականին արված նվիրատվություններ են․ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, Գեղարքունիքի Երանոս համայնքում միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող մի քանի հողամասեր, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ժառանգություն ստացած (2010թ․) և համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող բնակարան, նույն համայնքում իբրև նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ևս մեկ անհատական բնակելի տուն Երանոս համայնքում, 2011թ․ գնված ավտոտնակ Արաբկիր համայնքում։

Պաշտոնյան նաև հայտարարագրել է 2017 թվականին գնված 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, ավանդներ երկու բանկերում, որոնց ընդհանուր գումարը տարեսկզբին կազմել է շուրջ 11500 դոլար, իսկ տարեվերջին փոքր-ինչ նվազել՝ կազմելով 10 հազար դոլար։

Արգիշտի Քյարամյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 54 եվրո, 1,084,746.9 դրամ՝ տարեսկզբի 23,578.5 դրամի փոխարեն, տարեվերջին աճ են գրանցել նաև նրա կանխիկ դրամական միջոցները՝ 50.000 և 42.000.000-ի փոխարեն՝ կազմելով 50.000 և 52.000.000 դրամ։

Պաշտոնյայի՝ 27,820,686.79 դրամ տարեկան եկամուտը գոյացել է ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և Քննչական կոմիտեից ստացած 27,574,123 դրամ աշխատավարձից։

Հաշվետու տարվա ընթացքում Արգիշտի Քյարամյանը ճանապարհորդության համար ծախսել է 3,544,000 դրամ, իսկ ուսման, այլ դասընթացների նպատակով՝ 2 միլիոն 200.000 դրամ։

Արգիշտի Քյարամյանի հետ համատեղ բնակվող նրա մայրը՝ Լարիսա Գրիգորյանը, իր հայտարարագրում նշել է 2010 թվականին իբրև ժառանգություն ստացած և համատեղ բնակությամբ տնօրինվող բնակարանը Երևան քաղաքում, 75.000 դոլարի չափով բանկային ավանդ։ Լարիսա Գրիգորյանի հաշվետու տարվա՝ 283,080.14 դրամ եկամուտը գոյացել է ԱՄԻՕ բանկ ՓԲԸ-ի կողմից տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, կամ՝ այլ հատուցումից։

Պաշտոնյայի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, հայտարարագրել է բանկային ավանդներ 6 բանկերում, որոնք ունեցել են հետևյալ տեսքը՝

տարեսկզբին՝ 0 դրամ, 0 դրամ, 4,323.77 դոլար, 11,791.28 դոլար, 188.000 դրամ, 2200 դոլար, իսկ տարեվերջին՝ համապատասխանաբար, 1,250,000 դրամ, 2,000,000 դրամ, 4,323.77 դոլար, 12,287.52 դոլար, 188.000 դրամ, 3,567.69 դոլար։

Ռուզաննա Քյարամյանի կանխիկ միջոցները տարեվերջին աճել են 2 միլիոն դրամով՝ կազմելով 47.000 դոլար և 29 միլիոն դրամ, իսկ մի քանի բանկերում բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են ավելի քան 300.000 դրամ։ Նրա հաշվետու տարվա՝ 243,328.28 դրամ եկամուտներն էլ գոյացել են Արարատ բանկ ԲԲԸ-ից ստացած՝ տրված փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին