▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական տեսանյութից հայտնի Ազնիվն, իսկապես, գերեվարվել է. ԱԱԾ-ն հաստատում է

ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ 

Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։

Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էրԲարի գալուստ ձեր տուն»։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։


«Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական az.sputniknews.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե կնոջը հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԿԽՄԿի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ իր հերթին Sputnik Արմենիային հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են այնտեղ հայտնված Ազնիվ Բաղդասարյանին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել»,–ասել է Ամատունին։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել էին նաև գերեվարված երեք զինծառայողներ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին