▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի զինվորականները փորձեցին մտնել դեպի Դադիվանքի տարածք, բայց խաղաղապահ զորքն ասեց՝ «Հե՛տ գնացեք»

Երեկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Քարվաճառի շրջանը (Քելբաջար)։ Շրջանի Դադիվանք գյուղում գտնվող Դադիվանք հայկական առաքելական միջնադարյան վանական համալիրի ճակատագիրը երկար ժամանակ անորոշ էր։ Սակայն մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ այն լինելու է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղապահների վերահսկողության ներքո։

Քարվաճառի բնակչության տեղահանման, Դադիվանքի կարգավիճակի թեմայով «Հրապարակը» խոսել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ։  

-Երեկ Քարվաճառը հանձնվեց, ադրբեջանական զորքը եկավ, հիմա ի՞նչ իրավիճակ է Դադիվանքում, Քարվաճառի բնակչությունն ի՞նչ արեց երեկվանից սկսած։

-Վանքը գործել ու գործում է, ունենք սարկավագներ։ Եվ այս պահին ես, Վեհափառի տնօրինությամբ, գտնվում եմ Երևանում՝ բուժումների։ Ես խնդիրներ ունեի, Վեհափառ հայրապետն իմացավ, և հիմա ես այստեղ եմ, երեկ եմ եկել։ Ինձ փոխարինել է Հայր Մովսեսը, սարկավագներն այնտեղ են, բոլոր ծեսերը ընթանում են, և եկեղեցին գործում է։  

-Ադրբեջանցի զինվորականների հետ խնդիր չի՞ եղել կամ Քարվաճառ եկողների հետ։

-Զինվորականները չեն մտել եկեղեցի, նրանք փորձեցին մտնել դեպի Դադիվանքի տարածք, բայց խաղաղապահ զորքն ասեց՝ «Հե՛տ գնացեք», իրենք հետ գնացին։  

-Դադիվանքն ինչպե՞ս է գործելու, ինչպե՞ս եք գնալ-գալու, ձեր անվտանգությունն ո՞վ է ապահովելու։ Ինչպե՞ս եք աշխատելու այս իրավիճակում։

-Անվտանգության հարցն ինձ մոտ խնդիր է, որովհետև, Դուք գիտեք, ադրբեջանցիներն ուզում են ինձ գերի վերցնել կամ ոչնչացնել, բայց դա խնդիր չէ, միշտ էլ այդպես եղել է։ 90-ական թվականներից մենք մեր ծառայությունը մատուցում ենք: Եթե այս կիրակի չկարողանանք, մյուս կիրակի ուզում ենք ուխտավորներ տանել խաղաղապահների հսկողության ներքո, գնանք Դադիվանք, պատարագենք, մեր ծառայությունը մատուցենք։

-Ի վերջո Դադիվանքն ինչպե՞ս հնարավոր եղավ պահել ձեր վերահսկողության տակ։

-Ինչպե՞ս պետք է լինի, Աստված կամեցավ, այդպես էլ եղավ։ Դադիվանքը հանրաճանաչ եկեղեցի է, բոլորը գիտեն։ Դադիվանքը 2 հազար տարվա պատմություն ունի, և պահեցինք։ Ժողովուրդն Աստծո օրհնությամբ պահեց։

-Ցանկանում էին իմանալ՝ Դո՞ւք եք դիմել Ռուսաստանի նախագահին, Նորին Սուրբ Օծությունն է դիմել Ռուսաստանի նախագահին։  Տեղեկություններ կան նաև, որ Գարեգին Բ-ն դիմել է Ռուսաստանի հոգևոր առաջնորդին, և նա միջնորդել է Վլադիմիր Պուտինի մոտ, որ հնարավոր լինի։

-Ես գիտեմ, որ ամեն մարդ իր գործով զբաղվեց, իր առաքելությամբ, իր պարտականությամբ, և հասանք արդյունքի։

-Իսկ տեղյա՞կ եք, քարվաճառցինեն ինչպե՞ս լքեցին իրենց բնակարանները, շինությունները, որոնք ունեին՝ բիզնեսներ, այլ կետեր։

-Շատ դժվարությամբ, ոմանք չկարողացան իրենց ունեցվածքը տեղափոխել, այրեցին իրենց տները։ Շատ դժվարությամբ դուրս եկան, ցավով, կսկիծով և վերադառնալու ակնկալիքով։

-Դադիվանքի պաշտպանությունը կոնկրետ ինչպե՞ս են ապահովում խաղաղապահները, քանի՞սն են, զինտեխնիկա կա՞, չկա՞, տեղյա՞կ եք։

-Մենք իրավունք չունենք այդ թվերը Ձեզ ասելու։ Մեր զորքն էլ այնտեղ կանգնած է, Դադիվանքից վերև, և խաղաղապահ զորքն էլ մեզ մոտ է։

-Ամբողջովին ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք խաղաղապահների ներկայությամբ։

-Դա էլ չենք կարող ասել, ամբողջությամբ, ո՞վ է կարող այդ երաշխիքը տալ։ Բայց մենք ինչպես մատուցել ենք մեր ծառայությունը Դադիվանքում, այդպես էլ մատուցում ենք։

-Իսկ ինչպե՞ս եք ուխտավորներին բերելու Դադիվանք։

-Խումբ ենք կազմելու, խաղաղապահ զորքի ուղեկցությամբ գնալու ենք պատարագի, մոմավառության, աղոթքի ու նույն կերպ հետ ենք գալու։

-Հայաստանից ի՞նչ ճանապարհով եք գալու։

-Հայաստանից չէ, Ղարաբաղից, Հայաստանից չկա ճանապարհ, վերջ։

-Այսինքն՝ տեղյա՞կ չեք, թե Հայաստանից ինչպես պետք է ուխտավորները գան Դադիվանք։

-Ուխտավորները գալիս են Գորիսով, Լաչինով, գալիս են Ստեփանակերտ, այնտեղից կազմակերպում ենք ու տանում Դադիվանք։

-Դուք ձեր գործունեությունը կարող եք իրականացնել միայն Դադիվանքի՞ տարածքում, իսկ տարածքից դուրս ձեր բոլոր քայլերը կատարվելու են խաղաղապահների՞ ուղեկցությամբ։

-Ի՞նչ քայլեր։

-Օրինակ՝ գնում եք մի տեղից մեկ այլ տեղ, կամ ուտելիք եք բերում, ձեր բարեկամներն են այցելում ձեզ։

-Առայժմ այդպիսի բան չկա։ Մենք խաղաղապահ զորքի օգնությամբ գնում ենք այնտեղ, մեր ծառայությունը մատուցում, մնում, գիշեր-ցերեկ մնալու ենք այնտեղ։ Հերթափոխ ենք անում, շաբաթը մեկ կամ տաս օրը մեկ հոգևոր կազմը հերթափոխվելու է։

-Իսկ սննդի ապահովում, ջրի ապահովում․ այդ ամենն ինչն ինչպե՞ս է կատարվելու։ Սննդի, կենցաղային ապահովումները խաղաղապահների միջոցո՞վ է լինելու։

-Ոչ, մենք ենք մեզ հետ տանելու։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կա։ Մենք այդպիսի խնդիրներ չունենք։ Մենք գալիս ենք մինչև Մարտակերտի և Քարվաճառի սահման, խաղաղապահ զորքը մեզ ուղեկցում է դեպի Դադիվանք։ Գնում-գալիս ենք, մեր ծառայությունը մատուցում ենք, հերթապահում ենք, հերթափոխում ենք։

-Հոսանք ունե՞ք։

-Հոսանք չկա, մենք գեներատորներ ունենք, դրանցով ենք հոսանք ստանում։

-Մինչև ե՞րբ եք Հայաստանում մնալու։

-Ես բուժումների մեջ եմ, հենց բուժումներս ավարտեմ, կգնամ։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին