«Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի տարածքում և պետք է այնտեղ այցելելու իրավունք ունենան»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական ZDF հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա անդրադարձել է Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են։
«Նախագահն այդպես չի ասել, և ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների կողմից։ Նա ի նկատի ուներ, որ ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի տարածքում, իմ նախնիները նույնպես ապրել են Հայաստանում։ Ադրբեջանցիները պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ», - ասել է Հաջիևը։
Թարմացված․ Հուսով ենք՝ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին գերմանական ZDF հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», - հայտարարել է Հաջիևը:
Թարմացված․ Ադրբեջանը չի քննարկում Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը: Այս մասին գերմանական ZDF հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասել է Հաջիևը: