▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները կրակել են ԵՄ դիտորդների ուղղությամբ. ՊՆ

Թարմացված․ Եվրոմիության դիտորդական առաքելությունը նախ հերքեց, ապա հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը դիտորդների ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակոցների մասին։ «Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին», - հայտնել է առաքելությունը X-ի իր միկրոբլոգում՝ հեռացնելով ավելի վաղ արած հերքումը։

Դիտեք նաև՝

Թարմացված․ Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելությունը հերքում է իրենց ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին հայկական կողմի հաղորդագրությունը։

Այս մասին ԵՄ առաքելությունը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իրենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և զեկուցում են Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին։

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ, Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում հետևյալ հայտարարությունն էր տարածվել․  «Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամեն օր գործող 4 բազայի միջոցով հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական և անվտանգային իրավիճակին: Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը»։

«Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տարածքում ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ կուտակումներ են նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու նպատակով»,- այս մասին ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը չի դադարեցրել իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է տեղում գործողություններից։

Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - ասվում էր հայտարարությունում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին