Ստեփանակերտ տեղափոխված 4 կանանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Դիտեք նաև՝
Ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոամտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելեցին արցախցիների մուտքը Արցախ: Այս մասին էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր: Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը: Դեպքի հանգամանքների մասին առավել համոզիչ փաստերը կներկայացվեն ավելի ուշ»: