Թարմացված․ «Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր իսկ ստեղծած կեղծ պատմություններից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության հետ»,-այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։ Խաչատրյանի ոչ հարազատները, ոչ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ էլ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Նրա ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»,- ասված է գրառման մեջ: |
Թարմացված․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»։
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ահազանգում է. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼԱՆՔԻ Է ՎԵՐՑՐԵԼ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՑԱԽԻ 68-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։ Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։ |