Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը։ Այս մասին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հենց նախագահ Ալիևին եմ ասել, որ սահմանի սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել մի երկրի առաջխաղացումը մեկ այլ երկրի տարածք։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Չլուծված բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։ Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո։ Պետք է դրանք վերսկել։ Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ սկսվեց մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար», - հավելել է նա։
Մակրոնը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին թիրախավորել է Հայաստանի տարածքը, քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Ռազմական բախումների ժամանակ թիրախավորվել է Հայաստանի տարածքը, զոհվել են բազմաթիվ մարդիկ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները։ ՄԱԿ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ քննարկվեց իրավիճակը։ Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը», - ասել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել Փարիզում ունեցած հանդիպումից հետո։
Իր ելույթում Փաշինյանն էլ մասնավորապես ասել է. «2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։