Թարմացված․ Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 23։00-ից երևի մինչև 04.00-05.00-ը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։ Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել: «Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,- ասել է Պապյանը: Այս պահին իրավիճակը հանգիստ է: |
***
Լրագող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանից տեղեկացա, որ երեկ ուշ երեկոյան և գիշեր ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա, վնասվել են տներ։ Ներքին Կարմիրաղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատար ավտոմեքենա։ Մովսեսում ապրիլի 6-ին նախատեսված մշակութային միջոցառումը չեղարկվել է»։ *** |
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին Asekose.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Մասնավորապես, կրակ է բացվել
ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:
Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել: