▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը սեղմում է օղակը՝ փորձելով հասնել «Սյունիքի միջանցքի» բացմանը». Սեյրան Օհանյան

Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիային, ասել է. «Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի ու ՀՀ իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը, և ինչպես իրենք են ասում՝ «Սյունիքի միջանցքի» բացմանը: Մյուս պատճառներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները և նաև հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը, Հայաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպությունների հետ միասին չեն կարողացել դատապարտել Ադրբեջանի սադրանքները, հանցագործությունները, խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների և նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները: Բայց ամենակարևոր պատճառներից է նաև այն, որ այսպիսի սադրանքներին մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որովհետև ՀՀ շուրջ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ, և ՀՀ իշխանություններն են, որ իմանալով իրավիճակը, հատկապես բանակցային գործընթացում պայմանավորվածությունները, պարտավոր էին Զինված ուժերը և հասարակությանը նախապատրաստել: Մանավանդ, որ բոլորը գիտեն, որ պատերազմական գործողությունների նախնական փուլում տեղի են ունենում քարոզչական պատերազմի էլեմենտներ, և ՀՀ-ում այս օրերին նույնիսկ յուրաքանչյուր հասարակ քաղաքացի ահազանգում էր, որ սա նախերգանք է պատերազմական գործողությունների: Այդ իրականության մեջ մենք պարտավոր էինք մարտական պատրաստականության բերել մեր զորքերը, որպեսզի չունենայինք այսպիսի աղետալի իրավիճակ և դժվար պայմաններ:

Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, ճշտել բոլոր զոհվածների, գերիների, անհայտ կորածների, վիրավորների քանակը և պատշաճ կերպով ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի թոթափեն բոլոր մտահոգությունները և միջոցներ ձեռնարկեն, որ ՀՀ-ն հաջորդ այսպիսի սադրանքներին կարողանա պատրաստ լինել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին