▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը»․ Նիկոլ Փաշինյան

Հարցին՝ չեք քննարկո՞ւմ արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանն ասաց․ «Ադրբեջանի հետ էնքան հարց կա քննարկելու․․․ չեմ կարծում՝ ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայանացնելուց սկսել, բայց իրականում Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթղթի հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք ստորագրել, իսկ երբ ստորագրվի, կհանրայնացվի ու, պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել ու հրապարակել»։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

«Եթե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմաններն առաջադրելն արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Ո՞րն է ապագայի նկատմամբ Հայաստանի տեսլականը, մինչև ո՞ւր զիջել, եթե չենք զիջում, բայց Ադրբեջանը շարունակում է․․․»,- Հանրայինի եթերում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց լրագրողը։ «Ի՞նչն ենք զիջել։ Զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և նրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք, ընդ որում՝ հանրության հետ էլ եմ պատրաստ ես այս քննարկումը ունենալ, որովհետև պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել․․․»,- պատասխանեց Փաշինյանը։

***

«Կան հարցեր, որոնք քննարկելի են, կան, որ քննարկելի չեն»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող նախապայմանների մասին հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման հարցը քննարկելի է, որովհետև մենք գնում ենք խաղաղության ու այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ»,- ասաց նա։ «Ինչ վերաբերում է Սահմանադրության հարցին, խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում, բայց հարցը ո՞րն է, օրինակ՝ մենք տեսնում ենք և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մեր Սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրներն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, չէր կարող Սահմանադրական դատարանն այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող»,- ասել է Փաշինյանը։

***

Թե ինչու ՀՀ կառավարությունը չի հրապարակում համաձայնագրի տեքստը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ պարզ պատճառով, որովհետև այդ թուղթն ունի 2 տեր, որոնցից մեկը ՀՀ կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանի կառավարությունը։ Եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ կշիռ ավելացնել»։

***

«Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ համաձայնագրի կարիք չէր լինի։ Վստահության խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի տեքստում կան կարգավորումներ նաև վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում մենք ենք»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն։ «Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի․․․ Մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի համար ընդունելի է։ Հաջորդ փուլը պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը»,- ընդգծել է վարչապետը։

Անդրադառնալով հարցին՝ նոր էսկալացիա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել է․ «էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածման նպատակն է քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է՝ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման․․․

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա»։

***

«Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը։ «Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։

Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար… Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։

Խաղաղությունն է երաշխավորը»,- ասաց վարչապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին