▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունների, մեր հերքումների ու Արսեն Թորոսյանի գրած ստի մասին․ Մարուքյան

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունների, մեր հերքումների ու Արսեն Թորոսյանի գրած ստի մասին․ Մարուքյան

Նշենք, որ Ադրբեջանը այսօրվա ընթացքում արդեն 3 անգամ հաղորդագրություններ են տարածել է` հայկական կողմին մեղադրելով իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ ՀՀ ՊՆ ամեն անգամ հերքել է տեղեկությունը։

Այս առիթով էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել էր․ «Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար:

Այժմ, Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում՝ խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձություների զարգացման այսպիսի սցենար։

Համաձայնեցված խաղաղության պայմանագիրը արտացոլում է մեր պետական շահերը, հիմնված է միջազգային իրավունքի վրա և պետք է ստորագրվի»:

***

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր արդեն երկրորդ անգամ բացահայտ անհեթեթություն և ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական զորքերը գնդակոծում են իրենց դիրքերը Սյունիքում:
Դե սա ակնհայտ սուտ է, քանզի համաձայնվել, որ անհնարին է պատկերացնել, որ ներկայիս հայաստանյան իշխանությունը նույնիսկ համարձակվի թարս նայել թուրքերի կամ ադրբեջանցիների ուղղությամբ ... էն էլ` գնդակոծելու հրաման տա։
Բա ինչո՞ւ են ստում թուրք-ադրբեջանական օկուպանտները:
Ամեն ինչ պարզ է, սա արդեն հայ հասարակության մեջ վախը սրելու վաղեմի միջոց է և մյուս կողմից Հայաստանի դեմ սադրանքների հերթական փուլին նախապատրաստվելը։
Նկատեք, ճնշումները ոչ թե հայաստանյան իշխանությունների, այլ հայ հասարակության վրա են։
Թուրքիան և Ադրբեջանը վաղուց արդեն իմաստ չեն տեսնում Հայաստանի թավշյա իշխանությունների վրա ճնշում գործադրելու մեջ։
Հայաստանի ներկայիս իշխանություններն առանց այդ էլ առանց ճնշման Հայաստանի շահերը հանձնում են թուրք-ադրբեջանական տանդեմին»։

***

Գրեթե համոզմունք ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում, առավել հավանական է՝ Վարդենիսի, Ջերմուկի կամ Սիսիանի ուղղությամբ։ 1-2 օր կկրակի, ապա վերջնաժամկետ կտա՝ փոխելու Հայաստանի Սահմանադրությունը և հետ կանչելու միջազգային դատարաններից մեր բոլոր հայցերը։
Նիկոլը ուղերձով հանդես կգա և կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություն ու Սահմանադրական հանրաքվե, որպեսզի իր վերընտրվելու դեպքում միաժամանակ անցկացնի նոր Սահմանադրությունը և այդկերպ բավարարի Ադրբեջանի պահանջները, իսկ չընտրվելու դեպքում ուղղակի հեռանա Հայաստանից՝ հետագա բոլոր զարգացումների մեղքը կրկին բարդելով ժողովրդի և նոր իշխանության վրա։
Շատ կարևոր է, որ հայկական բանակի հրամանատարները զգոն լինեն և ավելի արագ զորքին պատրաստ պահեն մարտական առաջադրանքներ կատարելու։
Կարևոր է և ՀՆԱՐԱՎՈՐ Է ձախողել թշնամու պլանները, ինչպես նաև շատ ցավոտ հարված հասցնել թշնամուն»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանն ամեն անգամ այնպիսի պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որ վստահ է, թե որևէ նոռմալ իշխանություն երբեք նման պայմաններ չի ընդունի։ Սակայն ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ադրբեջանը նոր ու ավելի սուր պայմաններ է առաջ բերելու, և վստահ է լինելու, որ Փաշինյանը ընդունելու է ի վերջո, որովհետև վերջինիս գործողությունների հետագիծը հենց այդ մասին է. «Քանի որ մեր առաջարկները Ադրբեջանը չի ընդունում, ուրեմն մենք կընդունենք իր ամենաէկզոտիկ պահանջները»: Սա‘ է որևէ սկզբունք, «կարմիր գծեր» չունեցող իշխանության կենսափիլիսոփայությունը, և այդ մասին գիտեն դրսում, ու նրանք էլ չեն կանգնելու, քանի դեռ վստահ են, որ Հայաստանում ունեն մի իշխանությունը, որ մի քիչ ճնշում զգալուց հետո զիջելու է մինչև վերջ։

***

Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանում ծավալված քննարկումների ֆոնին, որոնք գերակշռող մասով բացասական են, և որի առնչությամբ անգամ մերձիշխանական շրջանակում կա որոշակի շփոթվածություն, Ադրբեջանը գրեթե մեկ օրվա ընթացքում երկու անգամ հայտնում է այն մասին, թե Հայաստանի զինուժն, իբրեւ թե, կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ըստ իս, սա Հայաստանում ծավալված քննարկումների ֆոնին հոգեբանական ներգործության միջոց է: Հանրությունը մի կողմից բավականին մտահոգ քննարկում է խաղաղության պայմանագրի հանկարծ համաձայնեցումն ու բանակցության ավարտը, իսկ մյուս կողմից Բաքուն, թերեւս, տեսնում է հնարավորություն որոշակի տեղեկատվական քայլերով առավել ուժգնացնել հոգեբանական մթնոլորտի ճնշումը:

Ընդհանրապես, այս առիթով նշեմ, որ գուցե նույնիսկ ի զարմանս Ադրբեջանի, թեեւ արդեն գուցե իրենք էլ չեն զարմանում, Հայաստանի հանրությունը դրսեւորում է «ճնշվելու» ցանկություն: Գուցե ակամա, գուցե ենթագիտակցորեն, բայց Հայաստանում կարծես թե ձեւավորվել է մի «մազոխիստական» տեղապտույտ, երբ ադրբեջանական դաշտում գեներացվող տեղեկատվական կոնտենտի որոշ մասեր նույնիսկ ներադրբեջանական տիրույթում այդպես չեն շրջանառվում, որքան Հայաստանում:

Հայաստանում կարծես գործի մի ենթագիտակցական «փոշեծծիչ», որը կլանում է ադրբեջանական տիրույթի ցանկացած տեղեկատվություն եւ ամբարում Հայաստանի հանրության գիտակցության, ենթագիտակցության, հոգեբանության մեջ: Թվում է, որ դա արվում է պարզապես թշնամի պետության մտադրություններին հանրությանը իրազեկ պահելու համար: Անկեղծ մղում է: Բայց, ոչ միայն անարդյունավետ, այլ ըստ իս՝ վտանգավոր:

Որովհետեւ հանրության համար դա ոչ թե իրազեկում է, այլ հոգեբանական ահաբեկում: Որովհետեւ դա չի առաջացնում ռացիոնալ արձագանքներ, այլ գերազանցապես` էմոցիոնալ: Հավատացեք. հանրության այն շերտը, որն ի վիճակի է ադեկվատ հասկանալ ու ըմբռնել, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանն «անդամալույծ» պետություն պահելն է, ըմբռնել ու հասկացել է դա վաղուց:

Այն շերտը, որը դա անել ունակ չէ, ունակ չի լինելու անգամ եթե ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հայտնվեն անմիջապես իր տանը: Միեւնույն է, անգամ այդ դեպքում դա չի ընկալվելու եւ դարձյալ «քնարաբար» համարվելու է, որ եթե աթոռ առաջարկվի նրանց նստելու համար, ապա ամեն ինչ կանցնի կգնա:

Այդ շերտին ներկայացնել Ադրբեջանի հավակնությունների այսպես ասած հավելյալ ապացույցներ, դրա համար, «փոշեծծելով» ադրբեջանական տիրույթում արտադրվող ցանկացած «կեղտ ու փոշի», հնարավոր չէ փոխել այդ շերտի մտայնությունները:

Փոխարենը, հնարավոր է պարզապես հանրության բոլոր շերտերին գցել այդ տարերայնության ենթագիտակցական ազդեցության ներքո, Ադրբեջանին տալով Հայաստանի հանդեպ տեղեկատվա-քարոզչական դիվերսիայի «բաց դռների» անսպառ հնարավորություն:

Այո, հնչող քաղաքական հայտարարությունները պետք է արժանանան ուշադրության, վերլուծվեն, քննարկվեն, նաեւ պետք է իհարկե աչալրջորեն ուշադրության արժանանան Բաքվի պաշտոնական հովանու ներքո ծավալվող նարատիվները: Բայց, դրանք պահանջում են մասնագիտական աշխատանք՝ զննություն եւ աշխատանք, այլ ոչ թե վերարտադրություն հայկական միջավայրում:

Հասկանալի է, խոսքս տվյալ դեպքում հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հերթական մտացածին մեղադրանքի մասին չէ, այլ պարզապես դրա առիթով՝ Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար կարեւոր այլ շերտերի մասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին