▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Դեսպանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի մեջ է եւ պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջեւ ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի պաշտոնական կայքից։

ԱԳՆ  մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեռեւս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության եւ ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք  այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության եւ Հայաստան վերադառնալու խնդիրներ:

Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաեւ դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան:

Սակայն չվերթների չեղարկման եւ Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, եւ պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջեւ ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ եւ պարետատունն ամբողջովին տիրապետում են  ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա եւ գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված եւ ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում:

Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձեւը եւ ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները եւ կոնկրետ իրավիճակը:

Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու եւ այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն եւ լուրջ վերաբերմունք բոլորի կողմից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին