▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակա~նջ-ակա~նջ , ես քո հերն եմ անիծել

Մեր օրերում երբ խոսում ես հայրենասիրությունից,դրանով ընդամենը` նպաստում ես քաղաքական խաղի հետաքրքրությանը:   «Խաղացողներն» իսկույն գտնում են շահարկումներ, պտտեցնում, ձգում կամ մտքերդ փաթեթավորում են ըստ իրենց շահագռգռվածության պահանջների, ու քեզ մնում է միայն ինքնախոստովանել, թե ինչիդ էր պետք`  քո իսկ հեղինակած այդ գլխացավանքն ի հավելումն ունեցածդ մյուս բազմաթիվ գլխացավանքների:

Նույն պատկերն է,երբ խոսում ես իշխանությունների բացթողումներից,ժողովրդի շահերին հակասող այս կամ այն որոշումներից, անարդարություններից, սահմանափակումներից, արտագաղթից, աղքատությունից, և այլն:

Այս իրողության մեջ, անգամ, դիվանագիտական խոսքին ու մտքին տիրապետող անձն ակամա սկսում է կասկածանքով վերաբերվել իր պատկառելի գիտելիքների արդյունավետության ու դրանց անվնաս լինելու հանգամանքին:

Այսպիսի իրականության պայմաններում` հեղինակազրկվում է ամեն ինչ:

Մեկը-մյուսի ետևից արժեզրկվում ու ջնջվում են հասարակական այնպիսի կարևորագույն ավանդույթներ,ինչպիսիք են,ասենք`ժողովրդի և մտավորականության փոխադարձ հարգանքն ու փոխկապակցվածությունը,ուրեմն և գլուխ են բարձրացնում ամենաթողությունն ու անհանդուրժողականությունը,միմիանց նկատմամբ առավելության հասնելու հիվանդագին ձգտումներն անկախ սեփական գիտելիքների կամ ընդունակությունների բավարար` լինել-չլինելու հանգամանքից:

Այլ կերպ ասած,արհեստականորեն վերանում է հասարակության այն զսպող շերտը,որը և ըստ էության,համարվում է հասարակության էլիտար հատվածը:Չէ,որ բոլոր ժամանակներում հասարակության հենց այդ հատվածին է պատկանել բարձր արժեքների պահպանումն ու ժողովրդի մեջ դրանք սերմանելու գլխավոր առաքելությունը,առողջ հասարակություն և ամուր պետություն ունենալու գաղափարների իրականացման գլխավոր դերակատարությունը:

Ավաղ,ստիպված ենք արձանագրել,որ ազգային հարուստ ավանդույթներ ունենալով հանդերձ,միայն ունակ եղանք քանդել` մեր իսկ ավանդույթները:Չհանդիպելով որևէ հեղինակավոր կամ հասարակական կարծիքի հակազդեցության,ինչքան միջակ ու անճաշակ կան`ասպարեզ եկան,և մոլախոտի նման բազմանալով սկսեցին վերացնել, թե`  «սերմացու», թե`  «պտուղ», և  թե`  «ծառարմատներ»:

Պատկերը` խնդրեմ...

Անգամ,համառ իմ լավատեսությամբ,դժվարանում եմ ինքս-ինձնից թաքցնել այն մտահոգությունն` ինչն,ավաղ, լավ բաներ չի խոստանում...Մենք, ավելի շատ վերածվում ենք գավառական ցածր արժեքներով ետընթաց ճանապարհ որդեգրած միավորի,քան`հաստատուն ենք,որպես` 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ ու ապագային հաղթական աչքերով նայող աշխարհի հինավուրց ժողովուրդներից մեկի վճռականությամբ:

Իսկ այս իրավիճակից դուրս գալն հնարավոր է արդյոք,թե ոչ,համառ լավատեսիս հանդեպ անգամ,ինքը` լավատեսությունն է գնալով ժլատ դառնում հուսադրող սպասելիքներ առաջարկելու հարցում:

Մնում է ասել.

- Ժողովուրդ,մարդկության ողջ պատմության ընթացքն այսօր հեղափոխական զարգացումներ է ապրում: Աշխարհի բնակչության աճը,կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների սպառման վտանգը, և բազմաթիվ այլ խնդիրներ,սպառնում են անկանխատեսելի իրադարձությունների զարգացումներ,ինչը ջրհեղեղի նման կարող է ամեն ինչ ջնջել ու վերացնել իր ճանապարհին:

Հարկավոր է ոչ թե` ցած գլորվել,այլ ինչքան հնարավոր է արագ` վեր բարձրանալ:Քանզի,որպես`  «Բարձրյալի»  հույսերն չարդարացրած ժողովուրդ... այս անգամ դժվար, թե մեր ճակատագրին բաժին հասնի որևէ` փրկության   «Տապան»...

-Ակա~նջ-ակա~նջ,ես քո հերն եմ անիծել...

 

Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին