Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի 17:00-ից հետո, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը: Հարցին՝ Գևորգյանը մեղադրանքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, ասել է. «Չեմ ցանկանում էդ մասին նշել. այս պահին նպատակահարմար չէ»: Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքը կոռուպցիայի հետ կապ չունի: |
Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը դատարանի բակում է, սակայն հրաժարվեց խոսել կնոջ գործի մասին: |
Թարմացված․ Քննչական կոմիտեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին երկու ամսով նախնական կալանման միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում 24News-ի աղբյուրները։
Երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց այն մասին, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կնոջը՝ Անի Գևորգյանին։
Ինչպես 24News-ի հետ զրույցում նշել է նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը, պաշտպանական կողմի համոզմամբ, տեղի է ունեցել թյուրիմացություն, միջադեպը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
«Շատ մանրամասներ չեմ կարող այս պահին ասել` նախաքննական գաղտնիքից ելնելով, ընդամենը կարող եմ ասել, որ թյուրիմացություն է, և շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի: Մինչև կեսօր ամեն բան արդեն պարզ կլինի: «Ասֆալտի տենդեռի» հետ այս ամենը կապ չունի, այլ իր՝ «Սիներջի» ընկերությունում իրականացրած գործունեության հետ, որտեղից էլ 1 տարի առաջ դուրս է եկել»,- մանրամասնել է փաստաբանը:
Թարմացված․ «Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Մեզ հաջողվեց պարզել, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը: Ի դեպ, Անի Գևորգյանը մեկ տարի առաջ դուրս է եկել «Սիներջիից»»: Թարմացված․ Armlur-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել, թե այն, ինչ կատարվել է, ինքը դրա հետ կապ չունի: |