Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ ինքն այլեւս բավական ժամանակ է իշխանություն է,-Ազգային Ժողովում իր հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին ի պատասխան նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու ավելացրել է.
«Իմացեք, որ այո, ձեզ պետք է ասեն մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որ Ալեն Սիմոնյանն ասում է` էդ մեզ եք ասում, այո՛, ձեզ ենք ասում, որովհետեւ դուք եք թիվ մեկ պատասխանատուն»:
Մարուքյանը նկատել է, որ ինքը հասկանում է, որ խմբակցության անդամներից շատերը տարբեր ճանապարհ են անցել, ընդդիմություն են եղել, ակտիվիստ, լրագրող, բայց արդեն իշխանություն են դարձել. «Ամբողջական զգացումը չկա, որ իշխանություն ես ու պատասխանատու ես, որ որեւէ մեկը փնթի գործ է քննել»:
Մարուքյանը ընդգծել է, որ իրենք ԱԺ-ում են, որպեսզի լինեն հակակշիռ եւ փոխզսպող ընդդիմություն. «Փոխանակ շնորհակալ լինեք, այդ առողջությանը ուղղված ելույթներ են հնչում, դուք ասում եք` մի արեք այդպես: Չաշխատե՞նք, չբարձրաձայնե՞նք, ի՞նչ եք ուզում, որ անենք, ուզում եք ձեզ գովե՞նք»,-հարցրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ մարդու իրավունքների վերաբերյալ այսօրվա ելույթին:
«Պարոն Մարուքյան, ի՞նչ ա կատարվում, ինչ-որ խնդիր կա իշխանությունը չի զբաղվո՞ւմ: Կամ խոսքի ազատությունից եք խոսում, տեսե՞լ եք մեր խմբակցությունում քանի լրագրող կա... Դուք ում եկել եք ի՞նչ եք ասում... Թքելուց, մրելուց եք խոսում, քննադատում, խնդիր, որին վարչապետի մակարդակով արձագանք ա եղել, հիմա էլ ես կասեմ, կդիմեմ բոլորին՝ վերջ տվեք մարդկանց վիրավորելուն՝ համացանցից մինչև այլ տիրույթ: Չգիտե՞նք՝ ով ա միլիոնավոր դոլարներ ծախսում էն երկրում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիր կա, կայքեր գնում ու հազարներով ֆեյքեր բացում, որ տպավորություն ստեղծի այսօրվա իշխանության հետ կապված, բայց, փառք Աստծո, քաղաքացիների գիտակցությունն այնքան բարձր է, որ չի լինում խաբել, էդ ա խնդիրը որոշ մարդկանց, որ էդքան փող են ծախսում ու չեն կարողանում խաբել, նեռվայնանում են»:
Կարդացեք նաև՝
Բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հա՞, հարցնող չկա՝ «ի՞նչ էղավ». Էդմոն Մարուքյան