▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևն ասում է՝ դե տղա ես, գնա. Փաշինյանին ո՞վ թույլ կտա՝ Արցախ մեկնի». Արթուր Խաչատրյան

ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ երբ այսօր Փաշինյանն ասում է, որ օրենքի դիկտատուրա է հաստատելու, ուրեմն՝ ընդունում է, որ իր ղեկավարման նախորդ երեք տարիներին օրենքը դրսևորվել է կամայականորեն՝ երբ ուզել են՝ օրենքի պահանջներն իրականացրել են, երբ չեն ուզել՝ չեն իրականացրել:

«Ալիևը շարունակում է ՀՀ-ից զիջումներ կորզել, խոսել ուժի լեզվով, և Փաշինյանը Հայաստանի ներսում փորձում է ընդդիմությանը բանտերում փակել, որպեսզի Հայաստանի ներսում չլինի ուժ, որը կկարողանա պահանջել, որպեսզի ՀՀ-ն զիջումների չգնա, և կդիմագրավի, կպայքարի Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դեմ: Սյունիքն այսօր ամենախոցելի տարածաշրջանն է, բայց ինքը որոշեց սկսել Սյունիքից, որովհետև Սյունիքում և Սյունիքից հյուսիս՝ դեպի Գեղարքունիք, զիջումների խնդիր կա: Չեմ զարմանա, որ վաղը այդ ռեպրեսիաները տարածվեն նաև Տավուշում, որովհետև այնտեղ որոշակի պրոցեսներ են գնում: Պատահական չէ այնտեղ ռուսական ուղեկալների ստեղծումը, պատահական չեն քաղաքական իշխանությունների հայտարարությունները, որ կան հայկական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ: Ներսում կլինի, չէ՞, դիմադրություն, հիմա այդ դիմադրությունը պետք է կոտրեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է նա:

Հարցին՝ այսինքն՝ ՀՀ իշխանություններն Ալիևի հետ պայմանավորվա՞ծ են գործում, թե՞ ճնշումներն են շատ, և չեն կարողանում պողպատյա մանդատով հակադարձել, օրինակ, Ալիևին, նա պատասխանեց.

«Այն, ինչ ես ասում եմ, օբյեկտիվ իրականությունն է, մնացածը սուբյեկտիվ դատողությունների դաշտն է: Հնարավոր է, որ ՀՀ-ն ստանձնել է որոշակի պատասխանատվություն, որոշակի պարտականություններ, և դրանք իրականացնելու համար նաև դրսից ճնշումներ են գործադրվում»:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի գնում Արցախ, որովհետև նրան թույլ չեն տալիս. «Տեսեք՝ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գնաց Արցախ, դրան հետևեց Ադրբեջանի շատ կոշտ արձագանքը, դրանից հետո որևէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չի գնացել: Ես չգիտեմ՝ Ալիևը թույլ չի տալի՞ս, թե՞ Ալիևն ասում է՝ դե տղա ես՝ գնա: Երբ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ երբեք Հայաստանն ու Արցախը այսքան ինտեգրացված չեն եղել, ասացի՝ դե, եթե ինտեգրացված եք, սեպտեմբերի 2-ին այց կազմակերպեք, գնանք Արցախ: Երկրորդ՝ ինքն ի՞նչ երեսով պետք է գնա Արցախ, ի՞նչ երեսով պետք է զբոսնի Ստեփանակերտում, ի՞նչ երեսով պետք է հանդիպի Շուշիից, Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից գաղթած, փախստական դարձած մեր հայրենակիցների հետ»:

Պատգամավորը նկատեց՝ Հայաստանի իշխանությունները կանգնել են քաղաքում և «էստի համեցեք» են անում. «Ասում են՝ թող ՀԱՊԿ-ը գա՝ մեր անվտանգությունն ապահովի, ֆրանսիացիները գան, ամերիկացիները գան, վաղն էլ կարող են ասել՝ պապուասները գան և այլն: Դեմարկացիա և դելիմիտացիա արվում է, երբ կա խաղաղության պայմանագիր, և կողմերը համաձայնության են գալիս՝ որոշակի սկզբունքների հետ: Ինքն ասում է՝ ադրբեջանցիները կրակում են, մենք էլ հո Սև լճի համար չե՞նք կռվելու: Այսինքն՝ ինքը Սև լճի համար չի կռվելու, բայց Բելառուսը պետք է գա՝ կռվի՞: Ինչո՞ւ պետք է ֆրանսիացին գա՝ կռվի Սև լճի համար, եթե Հայաստանն ասում է՝ Սև լճի համար հո կռիվ չե՞նք անելու:

Երկրորդ հարցն է գալիս՝ իսկ Երասխի համար կռիվ անելո՞ւ ես, Երևանի համար կռիվ անելո՞ւ ես, որովհետև միջազգային հարաբերությունները շատ նման են փողոցի հարաբերություններին: Այդ հարցը, ի դեպ, տվեցի Տավուշում, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավորների մեծ խմբով գնացել էինք այնտեղ. ասացի՝ եթե քո կոշիկները տալիս ես, վաղը ի՞նչ է ուզելու, այդ մարդն ասաց՝ սպիտակեղենս է ուզելու: Այսինքն՝ այդ երիտասարդ տղան, որն ապրում է Տավուշում, ավելի շատ է հասկանում, քան սրանց քաղաքական ղեկավարությունը: Այսօր Սև լճի համար կռիվ չանես՝ վաղը Գորիսը կուզեն, Կապանը կուզեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին