Ամանորյա ցերեկույթը մանկապարտեզում ուսումնական տարվա ամենագլխավոր իրադարձությունն է, որը ամենասպասվածն է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների և մանկապարտեզի թիմի կողմից:
«Մուրզիլկա» մանկապարտեզում երեկ տոն էր: Այստեղ հյուսել էին Ամանորի իրենց հեքիաթը:

Ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դահլիճից: Մանկապարտեզի սաները նշում էին իրենց տարեվերջյան հանդեսը:
Երգ ու ծիծաղ, խինդ ու ժպիտ՝ այսպիսին էր մթնոլորտը: Երեխաները ձմեռվա հեքիաթի հերոսներ էին դարձել և իրենց գեղեցիկ բեմադրությամբ հոգեթով պահեր պարգևեցին բոլոր ներկաներին:
Անգամ մանկապարտեզի ամենափոքրիկներն էին մասնակցում միջոցառմանն ու խինդ ու ծիծաղով վայելում ցերեկույթի գեղեցիկ պահերը:
Մանկապարտեզի տնօրենի և թիմի ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ հիանալի օր ունեցան բոլորը: Երգ ու պարի, բանաստեղծությունների և հետաքրքիր բեմադրության շնորհիվ ուրախ էին բոլորը և ցնծում էին ամանորյա գույների խորհուրդներով:
Ծնողները հպարտությամբ լի աչքերով հետևում էին իրենց փոքրիկների ուրախությանն ու նրանց հետ հավասար մանկանում:
Դե իսկ վերջում հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը և երեխաներին հանձնեցին նրանց այդքան սպասված նվերները:


