Ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանինն է` հայ ժողովրդի առաջ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին: Նրա խոսքով՝ գործընթացը փակուղում չէ. «Հավանաբար, ադրբեջանական կողմի համար մի փոքր անսպասելի էր մեր առաջարկը՝ ստորագրելու և այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մասին հայտարարությունը»,- ասել է նա:
Սիմոնյանի պնդմամբ՝ նախկինում Ադրբեջանը մարտավարություն էր որդեգրել՝ համաձայնելով որոշակի կետերի՝ գիտակցելով, որ հայկական կողմը դրանց չի համաձայնի. «Այս պայմանագրի քննարկման նպատակը արդյունքի հասնելն էր, այլ ոչ թե խոսակցությունները հավերժ շարունակելը»,- հավելել է նա:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե իշխանության գործելաոճին ծանոթ լինելով՝ խաղաղության համաձայնագիրը կարելի է կապիտուլյացիա համարել, նա նշել է. «Առաջին և ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր հայ ժողովրդի առջև»: Ըստ նրա՝ ընդդիմության պնդումներն անլուրջ տպավորություն են թողնում, քանի որ դրանք արվում են առանց համաձայնագրի տեքստին ծանոթանալու։
***
«Մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից խաղաղության համաձայնագիրը ստորագրելու առաջարկը և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելը: Երևի դրա հետ է պայմանավորված վերջին շրջանի կրակոցների վերաբերյալ իրենց ապատեղեկատվությունը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ կրակոցների մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններն առանձին հետաքննության թեմա են: Շարունակելով՝ նշել է. «Այս պայմանագրի քննարկման նպատակը եղել է արդյունքի հասնելը, ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելը»: *** |
«Պայմանականորեն եթե դիմացինը վատ բան է անում, նշանակում է մենք է՞լ վատը անենք: Մենք մեր դիրքն ունենք, տեսեք ինչքան ազատ են մեր լրատվամիջոցները, իսկ օրինակ՝ Ադրբեջանում խոսքի ազատությունն այս աստիճանի չէ»,- ճեպազրուցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և, պատասխանելով լրագրողի հարցին, թե այդ վարկանիշը Հայաստանին ի՞նչ է բերելու, ի՞նչ է շահում ՀՀ-ն միջազգային հարթակներում, նշել է. «Անվտանգություն է շահում ՀՀ-ն: Որ եվրոդիտորդները գալիս են և սահմանում անց են կացնում հսկողություն, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, որ ՀՀ-ին օգնություն է տրամադրվում, համագործակցություն է տեղի ունենում, բա այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում, կարող ա՞ մեր դուդուկի, ծիրանի և մեր սիրուն հայի աչքերի համար է տեղի ունենում: Հետո էլ բողոքում եք, ասում եք՝ մեզ վրա հարձակվեցին, աշխարհը ձայն չհանեց: Բա պատմության ընթացքում սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք մեզ պահում՝ եվրոպական ընտանիքի, մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում»: |
***
«Ինչպե՞ս եք վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքին՝ լրագրողին վիրավորելու հետ կապված, պատրաստվո՞ւմ եք քննություն սկսել նրա վարքի հետ կապված» հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Շատ վատ: Ես հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, զանգահարել եմ իրեն, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»: Սիմոնյանը նշեց, որ մի քանի դրվագ է եղել, որոնք հանրությանը և լրագրողներին դուր չեն եկել, ինքը ներողություն է խնդրել և համարում է, որ դրանով էլ ավելի է ուժեղացել: |