ԱՄՆ–ի հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության դեֆիցիտ չկա։ Այս մասին այսօր Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «ԱՄՆ–ի և ՀՀ–ի միջև բավական ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը, և սա շարունակական բնույթ է կրելու։ ԱՄՆ–ի հետ օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք, այդ թվում` հաջորդ քայլերին վերաբերող խնդրահարույց հարցեր»,–ասաց նախարարը։ Նրա խոսքով` Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունները նորմալ են` երկու գործընկերների միջև հարաբերություններ են։ Նախարարը նշեց, որ եթե նայենք դինամիկային, թե ինչ հանդիպումներ են եղել այս ընթացքում երկու երկրների միջև, ապա նկատելի է, որ որևէ խնդիր չկա պետությունների միջև։ «ԱՄՆ–ի հետ հարաբերությունների առումով որևէ պակաս չունենք, մեր դեսպանություններն էլ են շատ ակտիվ աշխատում։ Մեզ համար բավարար է այս տարվա ընթացքում ԱՄՆ–ի հետ ունեցած հանդիպումներն ու դրանց մակարդակը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպմանը, ապա, ըստ նրա, այդ հարցը եղել և մնում է ԱԳՆ–ի օրակարգում։ Նախարարը վստահ է` այդ պահը կգա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ։ Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: