Aysor.am-ը գրում է. Դերասան Աշոտ Եդիգարյանը, ով գրեթե 9 տարի բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրեր առաջ վերադարձել է Հայաստան՝ այլևս չմեկնելու հստակ որոշմամբ: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ սիրված դերասանը այսօր շատերի համար բաղձալի Միացյալ Նահանգներից Հայաստանն առավել է գերադասել՝ պատասխանել է.
«Վերադարձել եմ դեկտեմբերի 29-ին՝ ընդմիշտ: Թեև այս 9 տարվա մեջ 6-7 անգամ Հայաստան եմ եկել, բայց միևնույն է՝շատ էի կարոտել իմ երկիրը, նաև` մասնագիտական աշխատանքս: Դրսում պետք է իրենց լեզվին շատ լավ տիրապետես, որպեսզի կարողանաս կինոաշխարհ մուտք գործել: Իսկ լեզվին կատարյալ տիրապետելը բարդ խնդիր է: Հավատացեք, այնտեղ դերասաններ ունենք, ովքեր թեև 10-12 ֆիլմերում արդեն նկարահանվել են, բայց շարունակում են քոլեջում սովորել, որպեսզի վարժ գրական անգլերեն խոսեն: Ճիշտ է, այնտեղ մեկ-երկու հումորային բեմադրություն պատրաստեցի, բայց դե այստեղ ուրիշ է: Եվ հետո, ես իմ հողին շա՜տ եմ կպած, շատ եմ սիրում իմ երկիրը: Նախընտրեցի թողնել օտարության մեջ ձեռք բերած բարեկեցությունն ու վերադառնալ, ապրել իմ երկրում»:
Եդիգարյանների՝ Հայաստանից մեկնելը հանկարծակի ու անսպասելի էր ոչ միայն իրենց, այլ նաև հանդիսատեսի համար:
«2000 թվականին մեկնել էի հյուրախաղերի: Թատրոնի կազմով Ֆրանսիայում էինք գտնվում, որտեղից մենակ մեկնեցի ԱՄՆ: Այդ ժամանակ նախկին դասընկերուհիս հարցրեց, թե կցանկանա՞մ, որ իր եղբայրը ինձ գրանցի «գրին քարտի» խաղարկությանը: Չհրաժարվեցի, սակայն մտքովս չէր էլ անցնում, որ կարող է շահեմ: Բայց պատկերացրեք, որ 7 տարի անց զանգեցին ու «աչքալուսանք» հայտնեցին, որ «գրին քարտ» եմ շահել: Տխրեցի, բայց բնականաբար գնացի»,- կայքի հետ զրույցում վերհիշելով խոստովանել է Աշոտ Եդիգարյանը:
Ժամանակին մեծ պահանջարկ ունեցող դերասան այժմ առաջարկներ չունի, ինչը, հավանաբար, պայմանավորված է իր վերադարձի մասին շատերի չիմացությամբ:
«Ճիշտն ասած՝ դեռ ոչ-ոք չգիտի, որ ես Հայաստանում եմ: Հուսամ, որ շուտով լավ առաջարկ կստանամ, դրանից ինձ իսկապես լավ կզգամ: Արդեն վերադարձել եմ ՏՈՒՆ, տեսնենք, թե տանն ինչպես են վերաբերում ինձ: Ուրախ կլինեմ, որ անցնեմ իմ գործնական զբաղվածությանը: Հավանաբար, նորից կվերադառնամ իմ թատրոն և կխաղամ նաև բեմում»,- ժպիտով հույս է հայտնել Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բազմավաստակ դերասանը:
Թեև նրան շատերը հիշում են «Վերվարածներ» հեռուստասերիալում՝ Փայլակի կերպարով, այնուամենայնիվ կայքը հետաքրքրվել է, թե արդյոք սերիալային առաջարկները չեն մերժվի իր կողմից.
«Գիտեք, ես այնքան եմ կարոտել իմ աշխատանքը, նկարահանման հրապարակը, որ տրամադրված չեմ հրաժարվելուն: Եվ հետո, ցանկացած ստեղծագործական գործընթաց՝ լինի սերիալ, թե գեղարվեստական ֆիլմ, դերասանի աշխատանք է պահանջում: Դրանցից ամեն մեկն իր տեղն ունի, իր ասելիքը: Բայց, բնականաբար, ամեն պատահական առաջարկ չեմ ընդունի, սերիալն էլ պետք է հետաքրքիր լինի ու կերպարն ինձ գրավի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում