▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա»․ Վարուժան Գեղամյան

Թարմացված․ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico-ում լույս տեսած՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ․ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»,- մասնավորապես նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ հեղինակավոր Politico պարբերականի այս գիշեր հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենն անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է:
Հարավային Կովկասի քարտեզին մեկ հայացքը բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե որքան խոցելի վիճակում է Սյունիքը և որքան սպասելի է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը։ Եվ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք չի աշխատելու։ Միայն ռազմական ուժը՝ համադրված այդ հարձակմանը դիմադրող տարածաշրջանային ուժերի (Իրան-Ռուսաստան) հետ, կարող է կասեցնել դեպքերի նման զարգացումը»։

Թարմացված․ Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն՝ ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ։ Գրում է ամերիկյան Politico թերթը։
Բոլորս գիտենք, որ ԱՄՆ երկրորդ դեմքը, նման բարձրաստիճան պաշտոնյան հենց այնպես ոչինչ չի ասի։ Իսկ ինչո՞ւ է ասում. որ Հայաստանը պատրաստվի՞, թե՞ որ կանխի ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։
Հիմա մտածում եմ, ունենք բավական շատ քողարկիչ ցանցեր, որոնք նախատեսված են մեր բանակի համար։ Դրանք շտապ կարգով հասցնենք առաջնագիծ, թե՞ իմաստ չունի։ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի բանակի հրամանատարությունը, Գլխավոր շտաբի պետը կարող են կրկին արդարանալ, թե Նիկոլից հրաման չունեն երկիրը պաշտպանելու, հետևաբար պիտի անգործության մատնվեն, ինչպես դա եղավ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա թշնամու հարձակման ժամանակ»։

Թարմացված․ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, գրել է․ «Սա էլ Նիկոլի «ապագա կա»-ն…»։

Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Politico տեղեկացմամբ՝ Բլինքենն օրենսդիրներին զգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան: Այս տեղեկատվության արտահոսքը մեծացնում է Վաշինգթոնի պատասխանատվության մակարդակը, մանավանդ, որ այնտեղ տեղյակ են Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին: Ըստ այդմ, ԱՄՆ-ը պարտավոր է ոչ թե պոստֆակտում ինչ-որ դատապարտումներ կամ գործողություններ կատարել, այլ կանխարգելիչ քաղաքականությամբ կանխել Բաքվի ագրեսիան:
Մյուս կողմից, ամենևին չեմ բացառում, որ տեղեկատվական այս արտահոսք նպատակ ունի՝ Երևանին հակել ինչ-որ զիջումների»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին