Ինչպե՞ս է Կառավարությունը վերահսկելու, որպեսզի բնապահպանական չափանիշները պահպանվեն Ամուլսարի հանքի շահագործման պարագայում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցը բարձրաձայնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշում, որ Կառավարությունը մշտական մոնիթորինգ է իրականացնելու։
«Այդ մշտական մոնիթորինգի արդյունքում, եթե տեսնենք, որ այդ հանքը «Լիդիան» ընկերությունը չի պահում մեր պայմանը՝ 0 լիտր աղտոտված ջրի արտահոսք շրջակա միջավայր, առաջինը զգուշացնելու և 90 օր ժամանակ ենք տալու թերությունը վերացնելու համար։ 90 օրվա ընթացքում, եթե թերությունը չվերացվեց հանքը փակվելու է։ Կառավարությունը բոլոր լծակներն ունի այս հարցը լուծելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել «Էլարդ» ընկերության նախանշած 16 կետերից 15-ն իրականացնել, որի պարագայում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի։
«Ամուլսարի հանքը այս պայմաններով շահագործվելու պարագայում իրականում շահագործվելու է շատ բարձր բնապահպանական ստանդարտներով։ Ուշադրություն դարձրեք՝ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով, որոնք Հայաստանում մինչ այս երբեք չեն կիրառվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։